
Մարտի 18-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի միջոցառումների կատարման առաջընթացի ներկայացման շուրջ աշխատանքային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ռազմական ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ կիսամյակում իրականացված աշխատանքները, ներկայացվել է միջոցառումների ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա խնդիրները։
Ընդգծվել է ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք, համակարգված և նպատակային իրականացման կարևորությունը՝ առանձնացնելով միջգերատեսչական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Նշվել է նաև, որ ռազմավարական նպատակների իրականացման համար անհրաժեշտ է համադրել իրավապահ, կանխարգելիչ, կրթական և հանրային առողջապահական գործիքակազմերը։
Քննարկման ընթացքում մասնակիցները կիսվել են փորձով՝ անդրադառնալով իրենց ոլորտներում ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ճանապարհին հանդիպած խնդիրներին ու առկա մարտահրավերներին։ Ընդգծվել է, որ մի շարք դեպքերում առկա են դժվարություններ՝ կապված կարողությունների զարգացման, մասնագիտական ներուժի և ժամանակակից գործիքակազմի կիրառման հետ։
Ներկաները կարևորել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն կնպաստի ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ամբողջական և որակյալ իրականացմանը։ Նշվել է նաև կարողությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ որպես ռազմավարության հաջող իրականացման առանցքային նախապայման։















