
Վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ՆԳ նախարարության ոլորտային բարեփոխումները և կանանց ներգրավվածության մարտահրավերներն էին Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում։ Մարտի 28-ին «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած հանդիպումը համախմբել էր մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 200 երիտասարդի։ Երիտասարդական ֆորումի բանախոսը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էր։
«Ես ուզում եմ, որ դուք ձեր ներուժն ավելի շատ օգտագործեք և ցանկացած հարց բարձրաձայնեք ողջամիտ քննադատության տրամաբանության մեջ։ Վստահ եղեք, որ ձեր ձայնը լսելի է Հայաստանի Հանրապետությունում այսօր, և դուք պետք է ձեր ներուժն ու գիտելիքներն օգտագործեք ճիշտ ուղղությամբ»,- նշել է ՆԳ նախարարը։
Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր հարթակ են երիտասարդների հետ երկխոսության ամրապնդման, խնդիրների լուծումները նրանց դիտանկյունից ընկալելու և պետական քաղաքականության ձևավորման գործընթացում նրանց ձայնը լսելի դարձնելու համար։
«Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ ժողովրդավարության մեր ձգտումների, ժողովրդավարության մեր նվաճումների շնորհիվ բարձրաձայնվող խնդիրների որակն էլ է փոխվել։ Մենք այսօր քննարկում ենք ամենափոքր թվացող մի խնդիր, որը տարիներ առաջ պարզապես չէինք էլ նկատի, առավել ևս՝ բարձրաձայնի։ Ես ուրախ եմ, որ դուք նկատում եք այդ խնդիրները, որովհետև նաև դուք պետք է մեզ ստիպեք լուծում տալ դրանց», – ընդգծել է նախարարը։
Ծավալվել է ակտիվ քննարկում։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը, ոստիկանության ծառայության ստանդարտացմանը, հանցավորության իրական պատկերին, հանցավորության կանխարգելմանը, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ընտանեկան բռնությանը, քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային ընկալմանը, հանրային կյանքում կանանց ներգրավվածությանը, թվայնացմանը վերաբերող հարցեր։
Քննարկումները շարունակվել են նաև ֆորումի ավարտից հետո։ Ծավալվել է ակտիվ երկխոսություն․ երիտասարդներն իրենց հարցերով դիմել են նախարարին նաև մասնավոր զրույցներում։






























