Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև գերզգայուն տեխնիկական միջոցների կիրառում։

Երկօրյա վերապատրաստման շրջանակում Փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմերի անդամները յուրացրել են ոչ միայն որոնողական սարքերի կիրառման առանձնահատկությունները, այլև INSARAG միջազգային չափորոշիչներին համապատասխանող արձագանքման սկզբունքները։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները ամրապնդել են գիտելիքները որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, սարքերի տեխնիկական բնութագրերի ու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Եղյան Հայկը նշում է՝ դասընթացները հնարավորություն են տալիս ծանոթանալու նոր տեխնիկական միջոցներին, որոնք արտակարգ իրավիճակների ժամանակ օգնում են աշխատանքը կատարել ավելի ճիշտ, ժամանակին և հմուտ կերպով։

Գործնական մասում մասնակիցները ձեռք բերած գիտելիքները կիրառել են տարբեր սցենարային իրավիճակներում։ Աշխատանքային գոտու ուսումնասիրությունից հետո փրկարարներն ընտրել են տուժածների հայտնաբերման արդյունավետ մեթոդներ, որոնման համապատասխան սարքավորումներ և սկսել որոնողափրկարարական գործողությունները։

ՆԳՆ կրթահամալիրի փրկարարական և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման փրկարարական ամբիոնի դասախոս Վարդան Հայրապետյանի խոսքով՝ սարքավորումները նախատեսված են և՛ տեսողական և՛ ակնադիտական որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։

Փլատակներում որոնողական աշխատանքներն իրականացվել են տեսադիտարկման և ակուստիկ տեխնիկական սարքերի միջոցով, որոնց օգնությամբ հնարավոր է եղել շգրիտ տեղորոշել տուժածների գտնվելու վայրը։

Վերապատրաստման դասընթացները նպաստում են փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և պատրաստվածության բարձրացմանը՝ ապահովելով որոնողափրկարարական աշխատանքներում համակարգված թիմային գործողություններ։

Նմանատիպ գրառումներ