
«Համակարգի ուժը՝ վստահության մեջ»․ այս խորագիրն էր ընտրվել ՆԳ նախարարության ձեռքբերումների ու գրանցած արդյունքների, նոր ռազմավարական ուղղությունների շուրջ ապրիլի 10-ին կազմակերպված տարեկան համաժողովին։
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ներքին գործերի նախարարությունը կազմակերպում է տարեկան համաժողով՝ քննարկելու գրանցված հաջողությունները, համատեղ դիտարկելու առկա խնդիրներն ու նախանշելու դրանց լուծումները։
Ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկեր կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումն առաջնային նշանակություն ունի, քանի որ համակարգի ուժը վստահության մեջ է․ վստահություն թե՛ սեփական անձի, թե՛ համակարգի, թե՛ ժողովրդի նկատմամբ, և վստահություն՝ ժողովրդից եկող։
Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին՝ ապահովելով շարունակական զարգացում և տեսանելի արդյունքներ։
Միաժամանակ, անդրադառնալով փոփոխությունների ընթացքին, նախարարը նկատել է, որ խնդիրների լուծման գործընթացն ինքնին բերում է դրանց բնույթի փոփոխության․ երբ համակարգը սկսում է հաղթահարել խոշոր մարտահրավերները, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք նախկինում կարող էին աննկատ մնալ՝ մեծ խնդիրների ստվերում։
Անդրադառնալով ծառայությունների մատուցմանը՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել համակարգի անընդհատ աշխատանքին, իսկ գրանցված հաջողությունները թիմային համատեղ ջանքերի արդյունք են։
«ՆԳՆ համակարգը շարունակում է աշխատել և հետևողականորեն լուծումներ գտնել բարձրաձայնված խնդիրներին, նախանշել նոր հավակնոտ ուղղություններ և նշաձողեր», – ասել է նախարարը։
Խոսելով կառուցվածքային և մտածողության փոփոխությունների մասին և կարևորելով այսպիսի ձևաչափով քննարկումները՝ նախարարը վստահեցրել է, որ համակարգն ունի առկա մարտահրավերներին դիմակայելու բավարար ներուժ, խնդիրները ախտորոշելու համարձակություն, փոփոխությունների գնալու փորձառություն և արդյունավետ լուծումներ առաջարկելու հանձնառություն։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարությունը համատեղ լուծումների ձևավորման և բարեփոխումների առաջմղման գործում։
Իր ելույթում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՆԳ նախարարի և նախարարության թիմի առաջնորդությունը համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նշելով, որ տեսանելի է հանրային աճող վստահությունը և ծառայության արդյունավետության բարձրացումը։
Նա վերահաստատել է ՄԱԿ Զարգացման ծրագրի հանձնառությունը՝ աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին, հատկապես ներառականության և համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղություններով։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության կողմից իրականացված լայնածավալ բարեփոխումները՝ ուղղված համակարգի զարգացմանը, կարողությունների հզորացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։
Տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ՝ կանանց առաջնորդության, համայնքային մասնակցության միջոցով հանրային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կրթության, մասնագիտական զարգացման ու մարդկային կապիտալին վերաբերող հարցերի շուրջ, ծավալվել է ակտիվ քննարկում։
Համաժողովն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «AEGIS» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ և ԵԱՀԿ կողմից։
Պանելային քննարկումների մանրամասները՝ շուտով։
























































































