Մարդկային կյանքեր փրկելիս վճռորոշ է ամեն վայրկյանը, իսկ նրանք, ովքեր առաջինն են հասնում դեպքի վայր, պարտավոր են լինել օպերատիվ, համարձակ ու անվրեպ։

Խոշորամասշտաբ հրդեհներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, դժվարանցանելի վայրերում ու ձնաբքի մեջ արգելափակված քաղաքացիների և մեքենաների դուրսբերում, որոնողափրկարարական աշխատանքներ․ այս ամենը Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայության անբաժան մասն է։

Մասնագիտական բարձր պատրաստվածության, արագ արձագանքման և նվիրված ծառայության շնորհիվ՝ ջոկատի առաջին խումբը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։

Տարվա ընթացքում փրկարարները բազմիցս են համոզվել, որ յուրաքանչյուր ահազանգ հերթական փորձությունն է, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չկա, իսկ հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքի, փոխադարձ վստահության և մշտական պատրաստականության մեջ է։

Լավագույնի կոչումը նրանց համար ոչ միայն պատիվ է, այլև առաքելությունը մեծ նվիրումով շարունակելու հանձնառություն․

«Խմբում ընդգրկված են բանիմաց, գիտակից, դեպքը սպասարկելու համար իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ճշգրիտ օգտագործող ծառայողներ։ Մեծ մասն արդեն անցել է ատեստավորում, խելացի են․ նրանց հետ հեշտ է թե՛ դեպք սպասարկել, թե՛ ղեկավարել։
Հիմնական դժվարությունը տեղանքը հաղթահարելու հետ կապված է, բայց տվյալ դեպքը սպասարկելու համար ցանկացած դժվարություն հաղթահարում ենք»,- նշում է խմբի պետ Վահագն Վլադիմիրյանը։

Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը ջոկատի գործունեության հիմքում է։ Պարբերաբար կազմակերպվող գործնական վարժանքների ու դասընթացների նպատակն է ժամանակի մարտահրավերներին առավել արդյունավետ ու համակարգված արձագանքելու համար կատարելագործել անձնակազմի կարողություններն ու թիմային աշխատանքը։

Ջոկատի հրամանատարը վստահեցնում է՝ անկախ իրավիճակի բարդությունից և վտանգի աստիճանից խումբը մշտապես պատրաստ է դիմակայելու ցանկացած մարտահրավերի։

Ծառայության ընթացքում եղել են դեպքեր, երբ վտանգի առաջ կանգնել են նույնիսկ իրենք՝ փրկարարները, և ունեցել օգնության կարիք։ Սակայն դա երբեք չի կոտրել նրանց կամքը և չի ստիպել նահանջել։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր դժվարություն դարձել է նոր ուժ և պատասխանատվություն՝ շարունակելու պայքարը մինչև վերջ, անել հնարավորն ու անհնարինը՝ մարդկային կյանքեր և ճակատագրեր փրկելու համար։

«Խումբը արձագանքել է բավականին դժվար դեպքերի և պատահարների։
Մեծ դեպքեր ենք ունեցել ձմեռային սեզոնին, երբ խումբը ամենագնաց մեքենայով արգելափակվել է ձյան մեջ՝ բքի պայմաններում և 6 փրկարար արգելափակումից հանած քաղաքացիների հետ ժամեր շարունակ մնացել են ձնաբքի տակ և միայն լրացուցիչ ուժերի և միջոցների ներգրավումից հետո կարողացել ենք դուրս հանել թե՛ մեր փրկարարներին և թե՛ մեր քաղաքացիներին»,-հիշում է Գորիսի ՀՓՋ հրամանատար Անդրանիկ Սահակյանը։

Ամենօրյա ծառայությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ և կյանքեր փրկելու հանձնառությամբ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի առաջին խումբը շարունակում է պատվով իրականացնել իր առաքելությունը։ Ամեն նոր ահազանգ նոր մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր փրկված կյանք՝ ծառայությունը շարունակելու ամենամեծ շարժառիթը։

Նմանատիպ գրառումներ