Մայիսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում
Ձերդ Գերազանցություններ, Պատվիրակությունների ղեկավարներ, Հարգելի հյուրեր և մասնակիցներ,
Շնորհավորում եմ Միավորված ազգերի կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակին Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման այս կարևոր միջոցառման կազմակերպման կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ձեռքբերումներն ու մարտահրավերները միավորելու ջանքերը յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:
Սենդայի շրջանակային ծրագրի մեկնարկից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության բարձրացման գործում: Այնուամենայնիվ, Սենդայի շրջանակային ծրագրի իրականացումը նաև բախվել է մի շարք մարտահրավերների ՝ կապված տվյալների և տեղեկատվության սահմանափակության, բարդ և համընկնող մանդատների, սահմանափակ ռեսուրսների, ռիսկերի հարաճուն բարդության և անորոշության և ռիսկերի նվազեցման և կայունության բարձրացման միջոցառումներին ոչ բավարար առաջնահերթություն տալու հետ:
Այս խնդիրների լուծումը պահանջում է համակարգված և համագործակցային մոտեցում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, աղետների ռիսկի նվազեցման մեջ ներդրումների ավելացում, կայունության բարձրացման քաղաքական կամքի ուժեղացում, տվյալների և տեղեկատվական համակարգերի կատարելագործում, համակարգման մեխանիզմների ամրապնդում և ռիսկերի նվազեցման նորարարական և հարմարվողական մոտեցումների ընդունում, տարածելով ներառականության և փոխկապակցվածության սկզբունքը:
Այս առումով, ներքին գործերի նոր նախարարության ստեղծմամբ մենք շարժվում են ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումների ճանապարհով, որի նպատակն է նպաստել արդյունավետ կառավարմանը եւ ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանը:
Համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ, ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի աջակցությամբ մենք ավարտեցինք աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության մշակումը, գնահատումը և հիմնավորումը:
Մենք ցանկանում ենք շեշտել, որ անհրաժեշտ է կուռ օրենսդրական համակարգ, որն ընդգրկում է աղետների ռիսկի կառավարման ողջ ցիկլը՝ սահմանելով բոլոր շահագրգիռ կողմերի դերերը, պարտավորությունները և լիազորությունները:
Աղետների ռիսկի կառավարման մեջ միասնական լուծում գոյություն չունի, բայց բարդ և համակարգային ռիսկերի նկատմամբ համապարփակ և համակարգված մոտեցումը, զուգորդված գիտելիքների, կառավարման և համագործակցության կատարելագործման և զարգացման ամենօրյա աշխատանքի հետ, կարող է օգնել մեզ դառնալ ավելի ուժեղ և դիմակայուն:
Հայաստանն անշեղորեն սատարում է անդրսահմանային ազդեցությամբ աղետների կանխարգելման և դրանց ժամանակին արձագանքման ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Լիովին աջակցելով Գլխավոր ասամբլեայի Քաղաքական Հռչակագրին՝ մենք վերահաստատում ենք տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության խորացման, լավագույն փորձի և քաղված դասերի փոխանակման մեր հանձնառությունը: Բնական, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիական լուծումների առաջխաղացում, ԱՌՆ ոլորտում կրթություն ու իրազեկության բարձրացում, առավել խոցելի խմբերին ուշադրության կենտրոնում պահելով՝ ահա այն ճանապարհը, որով շարժվում է Հայաստանը:
Շնորհակալություն ուշադրության համար։