
Երբ ծառայությունը ոչ թե պարզապես աշխատանք է, այլ՝ առաքելություն, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ հանրային անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն, արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս։ Նվիրված, հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժինը 2025 թվականի գործունեության արդյունքներով կրկին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։
Սա բաժնի առաջին բարձր գնահատականը չէ: Ստորաբաժանումը լավագույնն էր ճանաչվել նաև 2020 և 2021 թվականների գործունեության արդյունքների ամփոփմամբ։
Բաժնի ծառայողները վստահեցնում են՝ այս հաջողությունը թիմային համախմբված աշխատանքի, բարձր մասնագիտական պատրաստվածության և անմնացորդ նվիրումի արդյունքն է։ Այն ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքացիների անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը շարունակում են մնալ բաժնի գործունեության առանցքում։
«Քաղաքացիների վստահությունը մեզ համար առաջնային է։ Մեզ համար կարևոր է, որ համայնքային ոստիկան–քաղաքացի հարաբերությունները ձևավորվեն ջերմ մթնոլորտում և փոխադարձ վստահության հիման վրա, որպեսզի քաղաքացին հնարավորինս ազատ բարձրաձայնի իր խնդիրների մասին և ժամանակին տեղեկացնի մեզ դրանց վերաբերյալ»,– նշում է ՀՈԳՎ Արտաշատի բաժնի ավագ համայնքային ոստիկան Պայծառ Բադալյանը։
Առավել խոսուն են ցուցանիշները, որոնք լավագույնս արտացոլում են կատարված աշխատանքի ծավալը, արդյունավետությունն ու հանրային անվտանգության ապահովման գործում արձանագրված շոշափելի արդյունքները։ Դրանք ոչ միայն գնահատված աշխատանքի ամփոփումն են, այլև հիմք՝ ձեռքբերումներն արժևորելու, հետագա անելիքները հստակեցնելու և նոր, ավելի բարձր նշաձողեր սահմանելու համար։
ՀՈԳՎ Արտաշատի բաժնի պետի տեղակալ Ալիկ Ղազարյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում ՀՈԳՎ Արտաշատի բաժնի հերթապահ մասի հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների գրանցամատյանում գրանցվել է 4201 հաղորդում։ Դրանցից 2235-ի ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Բաժնի պետ Արտավազդ Սարգսյանը վստահեցնում է՝ բարձր գնահատականը նաև նոր պատասխանատվություն է՝ շարունակելու ծառայությունն առավել մեծ նվիրումով ու հետևողականությամբ, ամրապնդելու քաղաքացիների վստահությունն ու նպաստելու անվտանգ ու պաշտպանված համայնքի ձևավորմանը։
Յուրաքանչյուր հաջողության հիմքում կանգնած են մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով ամրապնդում են անվտանգ և քաղաքացիակենտրոն պետության հիմքերը, իսկ ՀՈԳՎ Արտաշատի բաժնի այս ձեռքբերումը ևս մեկ անգամ վկայում է, որ բարեխիղճ, հետևողական և պատասխանատու աշխատանքը ձևավորում է կայուն արդյունքներ և արժանի գնահատականներ։










