
Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։
2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցվել է 87 հանցագործություն։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 25, ծանր հանցագործություններինը՝ 37,8 տոկոսով։ Միաժամանակ 57,6 տոկոսով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, իսկ սեփականության դեմ ուղղվածները նվազել են 21,7 տոկոսով։ Էականորեն՝ 88,9 տոկոսով, նվազել են բնակարանային գողությունները։ Միաժամանակ աճել են համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել։
Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաշվետու կիսամյակում գրանցվել է 181 հանցագործություն, բացահայտվել՝ 150-ը կամ 82,9 տոկոսը։ Անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվել, սակայն անչափահասների նկատմամբ կատարվածներն աճել են։
Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում գրանցվել է 109 հանցագործություն, բացահայտվել՝ 97-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 89 տոկոս։ Աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ լատենտային հանցատեսակների հայտնաբերմամբ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 42,9 տոկոսով։ Անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվել։
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցվել է 31 հանցագործություն, բացահայտվել է 26-ը՝ 83,9 տոկոսը։ Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 24,4 տոկոսով։ Աճել են ընտանեկան բռնության դեպքերը, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործություններ չեն արձանագրվել։
Վայոց ձորի պարեկները 31 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 17007 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 291-ով ավելի։ Աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց զոհերի և վիրավորների թիվը։
Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է հասարակական կարգի պահպանության, օբյեկտների անվտանգության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայության կազմակերպման և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքների արդյունքները։
Ամփոփելով Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և տվել մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, մանրամասն վերլուծել արձանագրված յուրաքանչյուր բացասական ցուցանիշ, բացահայտել դրանց պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ։
ՆԳ նախարարը, ընդգծելով Վայոց ձորի մարզի առանձնահատկություններն ու հանցավորության ցածր մակարդակը, հանձնարարել է առավել ակտիվացնել բացահայտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները։
Անդրադառնալով մարզում արձանագրված ընտրական հանցագործություններին՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը օպերատիվ տեղեկությունների ստուգման և յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտման ուղղությամբ։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազման համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և շարունակել կանխարգելիչ աշխատանքը։
ՆԳ նախարարը ոչ բավարար է գնահատել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ հանձնարարելով ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու ստորաբաժանումների միջև համագործակցությունը։ Առանձին ուշադրություն է հրավիրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
Նախարարն անդրադարձել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքին և հանձնարարել չթուլացնել կանխարգելիչ միջոցառումները, պատշաճ վարել հաշվառումները, պարբերաբար այցելել ուսումնական հաստատություններ, խորացնել համագործակցությունը գործընկեր կառույցների հետ։
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի անհապաղ և պատշաճ արձագանք, գնահատել ռիսկերը և հետևողական վերահսկողություն իրականացնել կրկնահանցագործությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ։
Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել․ իրականացնել պատճառների վերլուծություն, ակտիվացնել երթևեկության վերահսկողությունը՝ հատկապես վթարավտանգ ճանապարհահատվածներում։
Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարներին Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ ներգրավվել իրավախախտումների կանխարգելման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներում։
ՆԳ նախարարը նշել է, որ ծառայողների առավել նախաձեռնողականությունը կնպաստի աշխատանքի որակի, հետևաբար և հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման արդյունավետությանը։

































