
Օգոստոսի 26-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական-մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը ներկայացրել են նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՆԳՆ ոստիկանության իրականացվելիք միջոցառումները։
Գեորգի Խաչատրյանն ընդգծել է, որ անչափահասների անվտանգության ապահովումը համալիր մոտեցում է պահանջում։
✅ Սեպտեմբերի 1-ից ՆԳՆ ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ են» ամենամյա միջոցառման շրջանակում կիրականացնի ուժեղացված ծառայություն։
✅ Ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում ծառայություն կիրականացնեն Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները։
✅ Հասարակական կարգի ապահովման, մարդկային հոսքերի կարգավորման և խցանումների կանխման նպատակով առևտրի կենտրոններում և տոնավաճառներում արդեն ուժեղացվել է ծառայությունը։
✅ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններում աշակերտների և ծնողների մասնակցությամբ կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» խորագրով իրազեկման միջոցառումներ։
✅ Անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ու ծնողներին կտրամադրեն տեղեկատվական թերթիկներ։
ՆԳՆ պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը ներկայացրել է ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ու ծառայության կազմակերպման վերաբերյալ մանրամասներ։
✅ Երթևեկությունը կարգավորելու ու խցանումները կանխելու նպատակով օգոստոսի 24-ից Պարեկային ծառայությունն անցել է լրացուցիչ ուժեղացված ծառայության։
✅ Սեպտեմբերի 1-ից երթևեկության առավել ինտենսիվ գոտիներում գտնվող կրթական հաստատությունների մոտ կտեղակայվեն Պարեկային ծառայության կարգախմբեր, իսկ հարակից տարածքները կսպասարկվեն շրջիկ կարգախմբերով։
✅ Պարեկային ծառայության հատուկ ուշադրության ներքո է լինելու ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում կանգառի ու կայանման կանոնների պատշաճ պահպանումը։
Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։


















