
Երբ կշեռքի նժարին մարդկային կյանքի փրկությունն է, յուրաքանչյուր վայրկյանը կարող է վճռորոշ լինել։ Ահազանգը ստանալու պահից սկսվում է հրշեջ-փրկարարների պայքարը․ անհրաժեշտ է ոչ միայն ժամանակին օգնության հասնել, այլև ճիշտ գնահատել իրավիճակը, գործել հստակ և համաձայնեցված։
Պատասխանատու այս աշխատանքում մասնագիտական պատրաստվածությամբ և ծառայությանը նվիրվածությամբ աչքի է ընկել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայող Սևակ Ստեփանյանը․ նա 2025 թվականի լավագույն հրշեջ-փրկարարն է։
Սևակն իր մասնագիտական հմտությունները կիրառել է մի շարք բարդ փրկարարական աշխատանքներում, որոնց ընթացքում առանձնահատուկ կարևորություն է ունեցել նաև թիմի համաձայնեցված գործելը։ Դրանցից էին Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում գազի պայթյունին հաջորդած որոնողափրկարարական աշխատանքները։ Սևակն այնտեղ աշխատում էր շուրջ 230 փրկարարական ծառայողների և ոստիկանների հետ։
Ջոկատի հրամանատարի խոսքով՝ Սևակն առանձնանում է բարեխիղճ ծառայությամբ, նախաձեռնող է, հետևողական և պահանջկոտ սեփական աշխատանքի նկատմամբ։ Իսկ լավագույնը ճանաչվելը նաև այս ամենօրյա, հաճախ կադրից դուրս մնացող աշխատանքի գնահատականն է։
Հոր` նախկին փրկարար Նահապետ Ստեփանյանի օրինակով ընտրած մասնագիտության մեջ Սևակն այսօր կերտում է սեփական ուղին։ Լավագույնը ճանաչվելը հոր համար հպարտության առիթ է, իր համար՝ վստահությունն արդարացնելու և առաջ շարժվելու նոր խթան։ Առջևում նոր հերթափոխ է՝ նույն պատասխանատվությամբ ու անփոփոխ նպատակով․ ժամանակին հասնել օգնության և անել հնարավոր ամեն ինչ կյանքեր փրկելու համար։




