
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանում առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են կլիմայական դիմակայունությանը, աղետների ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, տվյալների հավաքագրմանն ու միջգերատեսչական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ աղետների ռիսկերի գույքագրումը, քարտեզագրումն ու հնարավոր հետևանքների գնահատումը ՀՀ կառավարության և ՆԳ նախարարության ռազմավարական առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նա առանցքային է համարել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը՝ անդրադառնալով դրանով նախատեսված կարգավորումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին, ինչպես նաև աղետների ռիսկերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու գնահատման միասնական մեթոդաբանության մշակմանը։
Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում համապատասխան թվային հարթակի ձևավորման ուղղությամբ՝ աղետների ռիսկերի վերաբերյալ տվյալներն իրական ժամանակում իրավասու մարմիններին մատչելի և հասանելի դարձնելու նպատակով։
Անդրադառնալով ոլորտում արձանագրված խնդիրներին՝ Արմեն Մկրտչյանը շեշտել է աղետների ռիսկերի գնահատման միասնական մեթոդաբանության ներդրման, միջազգային փորձի տեղայնացման, մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։ Նա անդրադարձել է նաև իրավական կարգավորումների կիրարկման առանձնահատկություններին՝ ընդգծելով անհրաժեշտ մարդկային, տեխնիկական և ծրագրային ռեսուրսների ապահովման նշանակությունը։
Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքների գնահատման փորձը՝ կարևորելով աղետների պատճառած վնասների և տուժածների վերաբերյալ տվյալների հաշվառումն ու դրանց կիրառումը հետագա ռիսկերի վերլուծության և կառավարման գործընթացներում։
Ալեքսանդր Ֆերենց Թիմանը, անդրադառնալով Հայաստանի հետ երկարամյա համագործակցությանը, կարևորել է ՆԳ նախարարության փորձն ու մասնակցությունը քննարկվող աշխատանքներին։
Քննարկվել են նաև հեղեղումների, երաշտների և երկրաշարժերի վերաբերյալ տվյալների առկայությանն ու պետական գերատեսչություններին դրանց հասանելիությանը վերաբերող հարցեր։










