
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO)՝ Հայաստանում ծրագրերի պատասխանատու Վոլոդիմիր Կուզկայի հետ։
Քննարկվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող՝ աղետներին պատրաստվածության ծրագրի նոր փուլը։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։
Անդրադարձ է կատարվել բնական և տեխնածին աղետների, ինչպես նաև բնակչության պաշտպանությանն ու համապատասխան կառույցների պատրաստվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Քննարկվել են նաև փախստականների կարիքների արձագանքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։
Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ աղետներին դիմակայունության բարձրացման գործում առանցքային նշանակություն ունի ՆԳՆ Փրկարար ծառայության կարողությունների շարունակական զարգացումը։
Նախարարի տեղակալը նշել է, որ ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի մշակմանը զուգահեռ անհրաժեշտ է հզորացնել նյութատեխնիկական բազան՝ արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։ Այդ համատեքստում նա կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունն ու կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունը։
Վոլոդիմիր Կուզկան բարձր է գնահատել Հայաստանի կառավարության աշխատանքը՝ առանձնացնելով ՆԳ նախարարության ակտիվ ներգրավվածությունն ու արդյունավետ համագործակցությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։













