Ներքին գործերի նախարարության կազմավորման շրջանակներում մշտապես ընդգծվել է, որ նախարարության կադրային համալրման գործընթացը լինելու է բաց և թափանցիկ։
Հավատարիմ մնալով որդեգրված քաղաքականությանը՝ ՀՀ փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի N 288-Ա որոշմամբ սահմանվել է Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետ հարցազրույցի անցկացման կարգը։
Կարգի համաձայն՝ հարցազրույցի անցկացման համար ձևավորվում է հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Ներքին գործերի նախարարի տեղակալը (հանձնաժողովի նախագահ), գլխավոր քարտուղարը, բարեվարքության հարցերով մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ,փորձագիտական խմբի փորձագետ, որը համարվում է հանձնաժողովի քարտուղար, երկու հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ։
Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու համար կարող են դիմել արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունները:
Հասարակական կազմակերպությունը, որը ցանկություն է հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, դիմում է ներկայացնում գլխավոր քարտուղարին։
Սույն հայտարարության համար ձևավորվող հանձնաժողովը անցկացնելու է ՆԳՆ Պետական ռեզերվների գրասենյակի քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների համար դիմող թեկնածուների հարցազրույցները։
Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հարցազրույցից հետո տվյալ հանձնաժողովը դադարեցնում է իր աշխատանքը, և յուրաքանչյուր հաջորդ հարցազրույցի համար ձևավորվում է նոր հանձնաժողով։ Դիմումը պետք է լինի ամբողջական՝ ներառելով՝
1․ Կազմակերպության անվանումը,
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն,
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
4․ Կազմակերպության կանոնադրությունը (լուսապատճենը),
5․ Կարգով նախատեսված պայմանին համապատասխանությունը հավաստող տեղեկություններ,
6․ Կազմակերպության այն երկու անդամների տվյալները, ովքեր ընտրվելու դեպքում մասնակցելու են հանձնաժողովի աշխատանքներին։
Մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին:
Հայտարարության տարածման օրը՝ 2023 թվականի հունիսի 22։ Դիմումները կարող են ներկայացվել 2023 թվականի հունիսի 27-ը ներառյալ։
Հարցազրույցի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ընտրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կտեղեկացվեն լրացուցիչ։
Հարցերի դեպքում նամակ գրել mia@gov.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 011-52-83-74, 010-59-64-56։