Հունիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպում ունեցավ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմը։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանն ընդգծեց ՆԳ նախարարության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ համագործակցության կարևորությունը։
Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ Վահե Ղազարյանն առաջարկեց ստեղծել ՆԳ նախարարությանը կից Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների խորհուրդ։
Նա հավաստիացրեց, որ խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումները հնարավորություն կտան վեր հանել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները և ՆԳ նախարարության լիազորությունների շրջանակում դրանց տալ համապատասխան լուծումներ։
Ուշադրության կենտրոնում պահելով հասարակության հետ ակտիվ շփումները՝ Վահե Ղազարյանը անդրադարձավ նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացին, ինչը հնարավորություն կտա առավել դյուրին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Ներկաները շնորհակալություն հայտնեցին ՆԳ նախարարին՝ հրավերի և ընդունելության համար։
Նրանք ողջունեցին ՆԳ նախարարության՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների խորհուրդ ձևավորելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեցին ՆԳ նախարարության հետ շարունակել արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։