ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Լիտվայի և Լատվիայի Ներքին գործերի նախարարությունների պատվիրակությանը՝ Լիտվայի ՆԳ նախարարությանը կից հանրային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գնդապետ Առունաս Պաուլաուսկասի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։

Նա կարևորել է հանրային անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Առունաս Պաուլաուսկասը նշել է, որ համագործակցության շնորհիվ արդեն իսկ կան դրական արդյունքներ, որոնք պետք է ամրացնել և զարգացնել։

Լատվիայի պետական ոստիկանության հասարակական կարգի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Անսիս Պումպուրսը կարևորել է ՆԳ նախարարությունների աշխատակիցների փոխայցերն ու փորձի փոխանակումը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, մասնավորապես՝ պարեկային ծառայության կայացմանը, քրեական և համայնքային ոստիկանությունների, ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցեր։

Փետրվարի 27-ին ՆԳՆ ոստիկանության զորքերում պատվիրակությունը հյուրընկալվել է ղեկավար կազմին։
Ողջունելով հյուրերին՝ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը նշել է, որ աշխատանքային այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-լիտվական և հայ-լատվիական իրավապահ համակարգերի փոխգործակցության օրակարգին, քննարկելու այն ընդլայնելու հնարավորությունները:

Լիտվացի և լատվիացի գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու աշխատանքային համագործակցությունը։

Հանդիպումից հետո, շրջայցի ընթացքում, հյուրերը ծանոթացել են Ոստիկանության զորքերի շենքային պայմաններին և առկա տեխնիկական հնարավորություններին:

Լիտվացի և լատվիացի գործընկերներին օպերատիվ լսարանում տեսանյութերով ներկայացվել է Ոստիկանության զորքերի օպերատիվ-մարտավարական գործունեությունը։ Հյուրերը նույնպես ներկայացրել են իրենց գործունեության առանցքային ուղղությունները։

Այցի հաջորդ օրը պատվիրակությունը ծանոթացել է նաև Ոստիկանության զորքերի սպառազինությանը, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկային։

Այնուհետև Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվել է Ոստիկանության զորքերի մարտական ուղին, իսկ թանգարանում նրանք ծանոթացել են կառույցի ստեղծման, ձևավորման և կայացման պատմությանը:

Այցի երրորդ օրը պատվիրակության անդամներն այցելել են Ոստիկանության զորքերի զորամասերից մեկը:

Մասնագիտական հարցերին, իրավիճակային խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցերի քննարկումից հետո լիտվացի և լատվիացի գործընկերները դիտել են զորքի հանդերձանքի և գործողությունների ցուցադրությունը։ Ցուցադրական ելույթներով հանդես են եկել նաև Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբն ու նվագախումբը: Այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել սահմանների պաշտպանության և ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկավել է նաև ՆԳՆ կրթահամալիրում։ Հյուրերին դիմավորել են Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և ղեկավար կազմը։
Հյուրերը ծանոթացել են ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքին և առաքելությանը։ Ներկայացվել են իրականացվող բարեփոխումները և առաջիկա ծրագրերը։ Ընդգծվել է ձևավորման փուլում գտնվող Ոստիկանության գվարդիայի ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև օրենսդրական և պրակտիկ լուծումների ընթացքն ու տեսլականը։
Հյուրերը նույնպես ներկայացրել են նշված ոլորտներում Լիտվայի և Լատվիայի փորձը, ծառայությունների ձևավորման ընթացքը։
Պատվիրակության անդամները շրջել են կրթահամալիրի տարածքում, այցելել կրիմինալիստիկայի հատուկ լսարաններ, փորձակայան, դեպքի վայրի զննության վիրտուալ լսարան, ֆիզիկական պատրաստականության դահլիճներ և ոստիկանության թանգարան։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը։

 

Նմանատիպ գրառումներ