ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները և կարգապահական պատասխանատվության կարգավորումները։
ՆԳՆ-ն առաջիկայում կանցկացնի նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում: Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է․
. Ոստիկանության և Փրկարար ծառայության կարգապահական կանոնագրքերում հստակ սահմանել ծառայողների վարքագծի, գործողությունների վերաբերյալ ակնկալիքները,
. կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ,
. կատարելագործել տույժերի և խրախուսանքների կիրառման համակարգը,
. սահմանել էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները,
. ծառայողական քննության անցկացման ճկուն ընթացակարգ սահմանել,
. Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, որոնք կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակները,
. Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը ապահովել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։