Ապրիլի 18-ին ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում» թեմայով կլոր սեղան-աշխատաժողով։ Այն նվիրված էր արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության, աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում նրանց առավելագույն մասնակցության հարցերին։
Մասնակցում էին մասնագետներ տարբեր կրթական հաստատություններից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամից, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունից, ՆԳՆ Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Արմինե Հայրապետյանը վերհիշելով դպրոցական ճանաչողական ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխայի հետ փորձը՝ նշել է, որ այն փոխել է ներառականության մասին իր պատկերացումները։ Նրա խոսքով՝ հասարակության մեջ անհրաժեշտ է ձևավորել համարժեք դաստիարակություն, և այդ առումով համակողմանի քննարկումները հնարավորություն են տալիս վեր հանելու հաշմանդամություն ունեցող անձանց խոցելիությունը նվազեցելու գործնական առաջարկներ։
Նատալյա Երմակովան ներկայացրել է վերականգնումը դժվարացնող տարբեր երևույթներ: Նրա խոսքով՝ դժվար է արտակարգ իրավիճակում կաթված տարած մարդու հետ աշխատանքը, բայց՝ ոչ անհնարին, եթե նա կարողացել է գտնել դրական էներգիա՝ կենսագործունեությունը շարունակելու համար։
Անահիտ Մատինյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անհատի պաշտպանության նախադրյալները՝ ինքնավստահության ձևավորում, ծնողական ներուժի օգտագործում, սոցիալական հարաբերությունների բարելավում:
Գործընթացի արդյունավետության համար նա առաջարկել է սահմանել առաջնահերթություններ՝ ռիսկերի նվազեցումը դարձնել օրակարգային հարց, բարելավել իրազեկումը, ուժեղացնել արձագանքման պատրաստությունը և այլն։
Դիանա Սարգսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տերմինաբանության և ռազմավարության փոփոխությունները, անդրադարձել կարիքների գնահատման և կենսագործունության պայմանների ապահովման հարցերին։
Աշխատաժողովի ավարտին Արմինե Հայրապետյանը հորդորել է ակտիվ համագործակցել ակադեմիայի հետ, ինչը կամրապնդի համայնքների հետ կապը և կապահովի տեղեկատվության փոխանակումը։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը վերելակների, թեքահարթակների ու մարզերում հասարակական տրանսպորտի հարմարեցման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ համագործակցության առաջարկ է արել ակադեմիային։
Աշխատաժողովում քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց աջակցության, հաղորդակցության և հույզերի կարգավորմանն ուղղված հարցեր։
Կլոր սեղան-քննարկումները լինելու են շարունակական։