Կրթության մակարդակի բարելավում, կրթական միջավայրի փոփոխություն… Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ահա այս ռազմավարական մոտեցումների շրջանակում Հայաստանում է ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի փորձագետ Լաուրի Տաբուրը։
Միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետը Էստոնիայի կրթական ոլորտում ծավալուն փոփոխություններ է իրականացրել և այժմ 9-ամսյա ժամկետում աջակցելու է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակության փոփոխության աշխատանքներին:
Այցի շրջանակում օրերս փորձագետին ընդունել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փորձագետին՝ ՆԳ նախարարության ենթակայությամբ մեկ միասնական կրթահամալիրի ձևավորման աշխատանքներում ներգրավվածության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումները թույլ կտան օրենսդրական մակարդակում նախատեսել ուղենիշային լուծումներ և ապահովել դրանց տեղայնացումը։
Փորձագետը շրջայցեր է կատարել կրթահամալիրներ, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը: Քննարկվել են կրթական գործընթացի կազմակերպման, հենասյունային ուղղություններով կադրերի պատրաստման ու վերապատրաստման վերաբերյալ մանրամասներ։
Նա հանդիպել է նաև ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման ոլորտային աշխատանքային խմբերի հետ:
Առանցքային հարցեր են քննարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ղեկավար կազմի հետ։
Լաուրի Տաբուրը բարձր է գնահատել մինչ այժմ կատարված աշխատանքները և առաջիկա ինը ամիսների ընթացքում աջակցելու է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման աշխատանքներին: Մշակվելու է ճանապարհային քարտեզ` բոլոր ուղղություններով աշխատանքները կարճ ժամկետում տրամաբանական ավարտին հասցնելու համար: