ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության, Փրկարար ծառայության ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաղորդակցության ոլորտի աշխատակիցները հաղորդակցության կարողությունների ու հնարավորությունների զարգացման նպատակով մայիսի 29-ին և 30-ին մասնակցել են քննարկման:
Քննարկումն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը և միջազգային փորձագետ Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակիցների հետ քննարկել են ստորաբաժանման աշխատանքները՝ կարևորելով ինչպես հանրային, այնպես էլ ներքին հաղորդակցության զարգացումը և հաղորդակցության ռազմավարության մշակման անհրաժեշտությունը։
Միջազգային փորձագետ Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը ՆԳՆ ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության հաղորդակցության ոլորտի աշխատակիցների հետ քննարկել է մեկ ձայնով հանդես գալու հնարավորությունը՝ զարգացնելով երեք ուղղություններով հաղորդակցման համակարգերը։ Հանդիպման ընթացքում իրականացվել է SWOT վերլուծություն՝ դուրս բերելով ուժեղ և թույլ կողմերը, առավելություններն ու սպառնալիքները, մտագրոհի միջոցով հստակեցվել են հիմնական նպատակներն ու թիրախային խմբերը։
Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը ՆԳՆ աշխատակիցներին է ներկայացրել նաև ԵՄ և Լիտվայի իրավապահ մարմինների փորձը՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում հանրային իրազեկման արշավներ նախագծելու և իրականացնելու ուղղությամբ։
Նախատեսվում է առաջիկայում ևս շարունակել նմանատիպ քննարկումները՝ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության զարգացման տեսլականն ու հիմնական ուղղությունները հստակեցնելու և հաղորդակցման ռազմավարություն նախագծելու նպատակով։