Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի եթերում տեղի է ունեցել քննարկում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման օրենսդրական կարգավորումների շրջանակում։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է հիմնական դրույթները․
• Գվարդիան, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության զորքերի, այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ՝ այդպիսով վերացնելով գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները։
• Ոստիկանության գվարդիային վերապահվելու են պետության պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են նրա լիազորություններից և գործիքակազմից։
• Սահմանվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ստանդարտ՝ ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի կիրառման դեպքերի, հիմքերի և համաչափության մասով:
• Կրթությունը անկյունաքարային բաղադրիչ է, և Գվարդիայում ծառայության հավակնելը ենթադրում է պարտադիր պատրաստվածության ուսումնական գործընթաց։ Օրենքում ամրագրված է նաև Գվարդիայի ծառայողների համար պարտադիր տարեկան վերապատրաստում։ Առաջիկայում նախատեսվում է հիմնական կրթական ծրագիր, որն անցնելուց հետո միայն հնարավորություն կտրվի ծառայության անցնել Ոստիկանության գվարդիայում։
• Ոստիկանության գվարդիայի ծառայողների համար նախատեսված են սոցիալական երաշխիքներ։ Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու նաև ատեստավորման գործընթացին՝ ունենալով վարձատրությունը բարձրացնելու հնարավորություն։
• Առաջիկայում կմեկնարկի մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման հայեցակարգային ծրագիր, որտեղ ներառված կլինեն նաև ոստիկանության ծառայողների կոմպետենցիաների որոշակիացման հարցեր։
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականի։