ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է.
• «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ):
• անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, վերջիններիս բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը կսահմանվեն համայնքի ավագանու կողմից:
• Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։ Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
• Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող բեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող, հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
• Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
• Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Նախաձեռնության առաջնային նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։