Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ թվային աշխարհում կատարվող հանցավոր գործունեության կամ, որ նույնն է՝ կիբեռհանցագործության եղանակներն ու մեթոդները ևս փոխվում են:
Կիբեռհանցավորության տեսակները բազմաթիվ են՝ ֆինանսական հափշտակություններ, հաքերային հարձակումներ, խարդախությամբ անձնական տվյալների տիրապետում և այլն: Որպես խոցելի խումբ՝ այդ հանցագործությունների թիրախում հաճախ հայտնվում են նաև անչափահասները։ Երեխաներին առցանց տիրույթում առկա վտանգներից պաշտպանելուն են ուղղված «Երեխաներին կազմակերպված կիբերհանցագործություններից և առցանց վտանգներից պաշտպանելու դիմակայունության ամրապնդում և երեխաների պաշտպանություն» ծրագրով նախատեսված միջոցառումները։
Անչափահասներին և նրանց ծնողներին թվային տիրույթում կատարվող հանցագործությունների, դրանցից պաշտպանվելու եղանակների մասին իրազեկումը քննարկելու, համատեղ այլ քայլեր ծրագրելու, ինչպես նաև ոլորտում առկա հիմնական հիմնախնդիրները բացահայտելու նպատակով նոյեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր «Երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված քաղաքականություն. բացեր, առաջնայնություններ, հետագա քայլեր» թեմայով քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ստանձնելու երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված այս ծրագրի իրականացման առաջնորդությունը։ Նա կարևորել է նման հանդիպում-քննարկումները՝ նշելով, որ կիբեռհանցագործություններից երեխաներին զերծ պահելու համար անհրաժեշտ է փոխգործակցություն թե՛ ՀՀ պետական գերատեսչությունների, թե՛ միջազգային գործընկերների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև միասնական մոտեցումների մշակում ու առաջնահերթությունների սահմանում:
Անդրադառնալով կիբեռանվտանգության ամրապնդման նպատակով ՆԳ նախարարության կողմից մշտապես իրականացվող միջոցառումներին՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել խորհրդատվական թեժ գիծ, որը հնարավորություն կտա կիբեռհանցավորության ու կիբեռանվտանգության վերաբերյալ ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ակտիվորեն իրականացնել տարատեսակ տեղեկատվական միջոցառումներ:
Սիլվիա Մեստրոնին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության դերը: Նա նաև կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախարարության սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են թեմային առնչվող խորքային ուսումնասիրություններ, ծավալվել է ակտիվ քննարկում: