ՆԳ նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ
✔️Կարևորելով հանրային կարծիքը և հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների գործընթացում՝ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ։
✔️Մրցույթի նպատակն է` ՆԳՆ-հասարակություն կապի ամրապնդումը, թափանցիկ, հաշվետվողական համագործակցության ապահովումը՝ շեշտադրելով ոլորտային հիմնական ուղերձների հասցեական փոխանցումը, խնդիրների վերհանումը և դրանց մասնակցային լուծումների ապահովումը։
Մրցույթի թեմաներն են՝
1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ,
2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում,
3. Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ (մրցանակը տրամադրվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում):
✔️ Նշված թեմաներով ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, որի կազմում կընդգրկվեն ինչպես ՆԳՆ և ենթակա կառույցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն։
Արդյունքում, 3 թեմաներից յուրաքանչյուրը կունենա առանձին անվանակարգ, որի շրջանակներում յուրաքանչյուր թեմայի համար կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ, թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ և այլն։
Գնահատման չափորոշիչներն են՝
▪️ նյութի ներկայացման տեխնիկական որակ․ կառուցվածք, տեսաձայնային, մուլտիմեդիա գործիքների օգտագործում,
▪️ առանցքային ուղերձների ներկայացում, խնդիրների վերհանում, լուծման ուղիներ,
▪️ մասնագիտական չափանիշներ և էթիկա․ հավասարակշռություն, փաստերի ստուգում, ճշգրտություն, նորարարություն, ստեղծարար և վերլուծական մոտեցում։
✔️Մասնակցության հայտերի ընդունման ժամկետն է 2024 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը պատրաստ է աջակցել մասնակցության հայտ ներկայացրած անհատներին կամ կազմակերպություններին կազմակերպչական հարցերում։
Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
✔️ Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 13-ը, mia@gov.am էլ-փոստի հասցեին՝ պարտադիր նշելով մրցույթին ներկայացվող նյութի թեման, հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, լրատվամիջոցի անվանումը (առկայության դեպքում)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 59 67 75 հեռախոսահամարով։