Ապրիլի 16-ին Ոստիկանության օրվա առթիվ ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։
Շնորհավորական ելույթներ են ունեցել ՀՀ վարչապետն ու ՆԳ նախարարը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար: Վարչապետն ընդգծել է, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է։ Երկրի ղեկավարի խոսքով՝ վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։
Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է և իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Շատ կարևոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաև ոստիկանության կողմից, և նաև մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փոխլրացնող գործողություն է։ Այո՛, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի և պաշտպանի այդ հարգանքը: Եվ այդպես շարունակ»։
Վարչապետն անդրադարձել է նաև պարեկային ծառայության բարեփոխումներին, քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության ձևավորմանը, խոսել է նաև ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհավորել է բոլորին, շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքների համար՝ նշելով, որ բարեփոխումներն անընդհատ գործընթաց են և կարևոր է, որ դրանք բերեն միջանկյալ արդյունքների։
Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարը շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել, որ արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս հանգամանքը ոչ թե պարզապես կառավարման համակարգի հերթական փոփոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձին հանրային ծառայության մատուցման նոր ստանդարտի սահմանման նախապայման։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Ոստիկանությունն ինքնին 24/7 ծառայության, քաղաքացու՝ ապահովության զգացողությունը երաշխավորելու, հասարակական կարգի պահպանման մասին է, իսկ նախարարությունը համակարգի ռազմավարական ու հայեցակարգային զարգացման համատեքստն է, որ սահմանում է ոլորտի թիրախները, նպատակները, ձևավորում դիմակայուն ինստիտուտներ, կրում գործընթացների քաղաքական պատասխանատվությունը, մշակում ստանդարտները և կատարված աշխատանքները դիտարկում է ցանկալի արդյունքների ամբողջության համատեքստում: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս Ոստիկանության բարեփոխումների ու զարգացման օրակարգը իրականացնել՝ ապահովելով քաղաքացիական վերահսկողության գործուն մեխանիզմներ:
«Մենք չենք էլ կարծել, որ Ոստիկանության բարեփոխումների ուղին դյուրին է լինելու, բայց ունեցել ենք անհրաժեշտ կամքը, վճռականությունն ու հետևողականությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրական առաջընթացն ապահովելու համար։
Ոստիկանության ինստիտուցիոնալ փոփոխություններով վերադիրքավորումը Ներքին գործերի նախարարության կազմում այն լավագույն առիթն է՝ գնահատելու ստանձնած հանձնառությունն ու դրա կատարումը: Ամենևին չենք համարում բարեփոխումների օրակարգը սպառված, սակայն արձանագրած արդյունքները, կարծում եմ, մեր որդեգրած մոտեցումների խոսուն վկայությունն են»,- ընդգծել է նախարար Սարգսյանը։
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ շոշափելի արդյունքների մասին բարձրաձայնում են ոչ միայն միջազգային հեղինակավոր փորձագիտական գնահատականները, միջազգային գործընկերները, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք թե՛ սոցիալական հարցումների ժամանակ, թե՛ առօրյա շփումներում տալիս են իրենց գնահատականը՝ ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմամբ։ Այս համատեքստում նախարարը փաստել է, որ փոփոխությունները հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար են, հենց նա պետք է զգա դրանց արդյունքը, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու գնահատականն է կատարված աշխատանքի հաջողության ցուցիչը, բացթողումների ազդակը, ուղղորդիչը։
Արփինե Սարգսյանը նախարարության, ոստիկանության ամբողջ անձնակազմի և իր անունից շնորհակալություն է հայտնել Վարչապետին գրանցած ձեռքբերումները առաջնորդելու համար՝ հավաստիացնելով, որ ոստիկանի արժեհամակարգը թափանցիկ է. ազնվություն վարքագծում, գործողություններում, որոնք համահունչ են արդեն իսկ տրված խոստումներին։ «Ոստիկանը մշտական ու անընդհատ ծառայության ընթացքում է, ու դրված խնդիրը որակն է, պրոֆեսիոնալիզմը, և դա ոստիկանի գիտակցված հանձնառությունն է»,-ասել է նախարարը։
Արփինե Սարգսյանը նաև կարևորել է քաղաքացիական հասարակության գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքը՝ խնդիրները գույքագրելու և առաջ շարժվելու տրամաբանության համատեքստում։ «Ոստիկանության հենասյունային ուղղություններից երեքն արդեն իսկ իրական կյանքում գործում են։ Ոստիկանության գվարդիան կձևավորվի արդեն այս տարի՝ բերելով հավաքների, հասարակական կարգի ապահովման նոր ստանդարտ մեր քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձի համար»,-նշել է նախարարը։
Նախարար Սարգսյանը խոսել է նաև ոստիկանի առաքելության մասին՝ կարևորելով որդեգրած բարեփոխումները շարունակելու հանձնառությունը՝ հանուն պետության ու հանրային անվտանգության ամրապնդման։
Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՆԳ նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից:

 

Նմանատիպ գրառումներ