Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։
Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։
Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։
Այլ խոսքով՝ եթե տրանսպորտային միջոցների առուվաճառքի կամ նվիրատվության դեպքում սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման համար քաղաքացիները պետք է այցելեն հաշվառման-քննական ստորաբաժանումներ՝ կորցնելով ժամանակ և այլ ռեսուրսներ, ապա նոր նախաձեռնությունը նրանց հնարավորություն կտա նշված գործարքները կատարել առցանց եղանակով։
Արփինե Սարգսյանը մանրամասնել է առցանց եղանակով պայմանագրերի կազմման և ստորագրման քայլերի հաջորդականությունը։ Մասնավորապես՝ վաճառողն ընտրում է վաճառվող տրանսպորտային միջոցը, մուտքագրում առաջարկվող գինը, որից հետո համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է մեքենայի իրավական կարգավիճակը, այն է՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, ինչպես նաև այլ սահմանափակումները:
Նախարար Սարգսյանի խոսքով՝ ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որը քաղաքացին ստորագրում է, որից հետո այն համակարգի կողմից ինքնաշխատ ձևով ուղարկվում է գնորդին։ Առաջարկին համաձայնվելու դեպքում գնորդը ևս ստորագրում է պայմանագիրը և գործարքը համարվում է կնքված։
Առցանց եղանակով տրանսպորտային միջոցների առուվաճառքի ավարտից հետո քաղաքացիները չեն այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանումներ։ Նրանք հաշվառման համարանիշերը և վկայագիրը կստանան փոստային առաքման միջոցով՝ այս դեպքում ևս խնայելով ժամանակ և այլ ռեսուրսներ։
Նույն կերպ կարող են իրականացվել նաև տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման գործընթացները։
Հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական լավարկմանն ուղղված այս նախաձեռնությունը օգտվողներին հնարավորություն կընձեռի նաև գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացնել առցանց եղանակով՝ դարձյալ խնայելով ժամանակ և այլ ռեսուրսներ։
Այս նորարական մոտեցումը հնարավորություն է տալու նշված գործարքները կատարել տարվա բոլոր, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ոչ աշխատանքային ժամերին։
Ներկայացված գործարքները կատարելու համար քաղաքացիները պետք է ունենան նույնականացման (ID) քարտ։ Նախարար Սարգսյանի առաջարկած փոփոխությունների արդյունավետ կիրառումն ապահովող թվային լուծումներն ավարտական փուլում են, ուստի որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։