
Սեպտեմբերի 8-ին ՆԳ նախարարությունը «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» հետ համատեղ նախաձեռնել էր ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ հանրային քննարկում։
Ներկա էին ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանը, ՆԳՆ ենթակա ծառայությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ընդգծելով հանրային քննարկման կարևորությունը՝ Վազգուշ Կոստանյանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության գործառույթներն ու մեթոդաբանությունը, ծառայությունների որակի գնահատման և վերահսկման գործիքակազմը։
Նա նշել է, որ հանրային ծառայությունների բարելավման գործընթացը ներառում է կառավարչական, կազմակերպչական, տեխնոլոգիական և մարդկային գործոնների զարգացում։ Նրա խոսքով՝ այս գործընթացը ՆԳ նախարարության բարեփոխումների ռազմավարության առանցքային ուղղություններից է։
«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը նշել է, որ քննարկման նպատակն է ռազմավարական և հիմնարար իրավունքներին առնչվող հարցերի շուրջ խթանել քաղհասարակության հետ շփումները։
Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Շեշտվել է քաղաքացիակենտրոն սպասարկման, ներառականության խթանման և ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների կարևորությունը։
ՆԳ նախարարության Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Արամ Մելքոնյանը ներկայացրել են մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացը՝ պատասխանելով ոլորտին առնչվող հարցերին։
Ակտիվ քննարկում է ծավալվել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վերահսկմանը և բարելավմանն առնչվող հարցերի շուրջ։













