«Սա իմ երկրորդ քննությունն է։ Երեք օր առաջ առաջին քննությունից կտրվել եմ։ Շատ լավ եմ գնահատում այս հնարավորությունը, որ կարող ենք առանց երկար սպասելու նորից վերահանձնել»,- նշել է Նարեհ Տարասյանը։

Եթե նախկինում վարորդական քննությունից բացասական ստանալու դեպքում անհրաժեշտ էր սպասել առնվազն մեկ շաբաթ և նորից հերթագրվել, ապա այժմ հնարավոր է քննությունը վերահանձնել օրերի ընթացքում՝ հավելյալ վճարի դիմաց։

«Ես այսպիսի սպասարկում չեմ տեսել։ Վճարը կատարեցի ու այսօր քննությունը հաջող հանձնեցի, անչափ գոհ եմ»,- նշել է Սեդրակ Հովհաննիսյանը։

«Իմ երկրորդ գործնական քննությունն է, հուսամ, որ սա կլինի բարեհաջող։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ այսպես արտահերթ հանձնել, քանի որ շատ զբաղված մարդ եմ»,- նշել է Նուշիկ Մելքոնյանը։

Արտահերթ վերահանձնման հնարավորությունը հասանելի է թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների ժամանակ։ Առաջին փորձը ձախողելու դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեն արտահերթ վերահանձնելու քննությունը հաջորդ աշխատանքային օրը՝ 45․000 դրամի դիմաց, իսկ երրորդ աշխատանքային օրը՝ 30․000 դրամի դիմաց։

«Երեկ գրանցվել եմ երկրորդ անգամ տեսական քննության ու այսօր արդեն կարող եմ հանձնել էքսպրես տարբերակով։ Շատ հարմար է այս տարբերակը, գոհ եմ մնացել»,- նշել է Էլզա Գրիգորյանը։

Քաղաքացիների դիտարկմամբ՝ սա ժամանակը խնայելու լավագույն տարբերակ է։ Փոփոխություններն առավել քան սպասված ու դրական են գնահատվում այն անձանց կողմից, որոնք նախընտրում են նվազագույն ժամանակում վերահանձնել քննությունը։

«Ես պետք է երկրից գնամ և դրա համար երեք օր հետո վերահանձնում եմ։ Եթե հաշվի առնենք, որ շտապողները շատ են թե՛ երկրից գնալու, թե՛ ինչ-որ այլ պատճառներով՝ շուտ հանձնելը շատ լավ տարբերակ է»,- նշել է Մերի Համբարձումյանը։

Նշենք, որ երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ բացասական արդյունքի դեպքում ևս քաղաքացիները նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն կարող են օգտվել արտահերթ վերահանձնման հնարավորությունից։ 45․000 դրամ վճարի դիմաց կարող են վերահանձնել քննությունը յոթերորդ աշխատանքային օրը, իսկ 30․000 դրամ վճարի դիմաց տասնչորսերորդ աշխատանքային օրը։

ՆԳ նախարարությունը կարևորում է հանրային ծառայությունների հասանելիության և որակի բարելավումը՝ քաղաքացիների համար առավել հարմարավետ ու արագ գործընթացներ ապահովելու նպատակով։

Նմանատիպ գրառումներ