Ներքին գործերի նախարարությունը, Համայնքային ոստիկանության համալրման նպատակով իրազեկման արշավի շրջանակում, ինչպես նաև կարևորելով հասարակության հետ արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ շփումները, պարբերաբար կազմակերպում է հանդիպում-քննարկումներ՝ նպաստելով պետություն-հասարակություն կապի ամրապնդմանը։
Սեպտեմբերի 18-ին նման հանդիպում-քննարկում տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում. ՆԳ նախարարությունը «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հետ նախաձեռնել էր հանդիպում քաղաքի բնակիչների հետ։
ՆԳ նախարարության և Համայնքային ոստիկանության ներկայացուցիչները նախ հանդիպել են «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ, ներկայացրել Համայնքային ոստիկանության գործունեությունը, ստորաբաժանումում ծառայության անցնելու մոտիվացիան, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը և անչափահասների շրջանում արատավոր դեպքերի կանխմանն ուղղված նախաձեռնությունները։ Բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին։
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի տնօրեն Նռանե Մեխակյանի խոսքով՝ հանդիպումը կարևոր նշանակություն ունի նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից։
Հանդիպումն այնուհետև շարունակվել է Վաղարշապատի համայնքապետարանում։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, Համայնքային ոստիկանությունում ընդունելության ընթացակարգերը՝ առանձնահատուկ ընդգծելով համակարգը բանիմաց և պրոֆեսիոնալ կադրերով համալրելու անհրաժեշտությունը։
Նա կարևորել է նաև ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային շեմի վերացման հանգամանքը, ինչը 35 տարեկանից բարձր անձանց նույնպես հնարավորություն է տալիս ծառայության անցնել համակարգում։ Այդ համատեքստում շեշտվել են նաև կանանց ներգրավվածության խթանմանն ուղղված քայլերը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական և մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը խոսել է ընտանեկան բռնության, անչափահասների կողմից իրավախախտումների, բուլինգի, հանցագործությունների նախականխման ու կանխարգելման մասին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ Համայնքային ոստիկանության բազմապրոֆիլ աշխատանքը։ Նա ընդգծել է նաև հասարակության հետ համագործակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկողության վարչության պետի տեղակալ Գեորգի Խաչատրյանը, ներկայացնելով Համայնքային ոստիկանություն ընդունվելու մոտիվացիան, խոսել է ոչ միայն համայնքին ծառայելու կարևորության, այլև սոցիալական երաշխիքների ու խոստումնալից կարիերայի մասին:
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանն իր խոսքում ներկայացնելով համայնքի առանձնահատկությունները՝ անդրադարձել է առաջադրված խնդիրներին և համայնքային ոստիկանների կողմից օպերատիվ արձագանքման կարողություններին:
Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է նաև Համայնքային ոստիկանության ծառայողների մասնագիտական կատարելագործման, փորձի փոխանակման, սոցիալական երաշխիքների և մի շարք այլ հարցեր։