Համայնքների դիմակայունությունը սկսվում է բնակիչների պատրաստվածությունից։ Սեպտեմբերի 23-ին Վարդենիս համայնքի Կութ բնակավայրում փրկարարական ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, միջազգային գործընկերներն ու բնակիչները համախմբել էին ջանքերը՝ ամրապնդելու աղետներին արձագանքելու կարողություններն ու զարգացնելու հմտությունները։

«Մշտապես իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, ուսումնավարժություններ տարբեր մակարդակների համար։ Ուսումնավարժությունների նպատակը մասնակցող անձնակազմի, բնակչության մշտապես պատրաստ և իրազեկված լինելն է»,- նշել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանը։

Հրամանատարաշտաբային ուսումնավարժության սցենարը հնարավորինս մոտ էր իրականությանը․ հնչեց օդային տագնապի ազդանշանը, սկսվեցին բնակիչների պատսպարման ու տարհանման աշխատանքները, անմիջապես գործի անցան փրկարարական ու վթարավերականգնողական ուժերը։

«Կարևոր նշանակություն ունեն պլանային վարժանքները, որոնք տարեկան մի քանի անգամ անցկացվում են Վարդենիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում։ Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՆԳՆ փրկարար ծառայությանը նման միջոցառումներ կազմակերպելու համար»,- նշել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Ուսումնավարժությունն ընդգրկում էր արտակարգ իրավիճակների ամբողջական շղթա։ Ըստ սցենարի՝ վնասվել էին շենք-շինություններ, այդ թվում՝ դպրոցը, առաջացել էին հրդեհի օջախներ, կային արգելափակված քաղաքացիներ։

«Նման վարժանքները փրկարարներին օգնում են, որ ավելի հմուտ կատարեն իրենց գործողությունները, կարողանան ավելի պատշաճ կատարեն աշխատանքները»,- նշել է Վարդենիսի ՀՓՋ հրամանատար Մխիթար Կարապետյանը։

«Մենք կարևորում ենք աղետներին պատրաստվածությանը խթանող այսպիսի միջոցառումները և աջակցում ենք Հայաստանի կառավարությանն ու համայնքներին՝ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով աղետներին դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերին»,- նշել է Եվրոպական Միության մարդասիրական օգնության կազմակերպության աղետներին պատրաստվածության փորձագետ և արագ արձագանքման համակարգող Մարլիզ Լենսինկը։

Ուսումնավարժության կարևոր մաս էին նաև տարհանված բնակչության առաջնային կարիքների հաշվառման, կենսապահովման և հոգեբանական աջակցության գործողությունները։

«Աշխատանքը փրկարար ծառայության տեսանելի է։ Նման դաշտային վարժանքները մեր բնակչության համար շատ կարևոր են և ցույց են տալիս բոլոր այն կարևոր գործողությունները, որոնք պետք է իրականացվեն հենց արտակարգ իրավիճակի ժամանակ»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի ղեկավար Զառա Լալայանը։

Նմանօրինակ ուսումնավարժությունները համայնքներում արձագանքման հմտություններն ու պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորություն են, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդման առումով կարևոր հարթակ։

«Փրկարար ծառայության առաքելությունը չափազանց կարևոր է։ Մենք աջակցում ենք Փրկարար ծառայության ջանքերին՝ համայնքների պատրաստվածությունը հզորացնելու գործում։ Այսպիսի ուսումնավարժությունները օգնում են մարդկանց պատրաստ լինել աղետներին, պաշտպանել իրենց և հարազատներին»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի ղեկավար Կիրի Ատրին։

Ներքին գործերի նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների շարունակական զարգացումը՝ առաջնային է համարում տարբեր մարզերում նմանօրինակ վարժանքների անցկացումը, որոնք խթանում են ուժեղ և դիմակայուն համայնքներ ունենալուն:

Նմանատիպ գրառումներ