Լավագույնս մշակված ռազմավարական մոտեցում, ռազմավարական ծրագրեր, միջոցառումներ և վերջնարդյունքում փոփոխություններ, որոնք տեսանելի կլինեն հասարակության շրջանում. այս համատեքստում ՆԳ նախարարությունը «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 8-ին նախաձեռնել էր Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։
Ներկա էին ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, Արդարադատության նախարարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն անդրադառնալով հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ընդգրկուն միջոցառումներին՝ նշել է, որ ռազմավարական ծրագիրն այդ համատեքստում ունի առանձնակի կարևորություն:
Նրա խոսքով՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, թիրախային խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ՆԳ նախարարությունը նախաձեռնել է Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները։
Փորձագետ Առնոլդ Վարդանյանն իր խոսքում նշել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման սկզբունքներում կարևոր են միջազգային փորձի ուսումնասիրությունը, առաջնահերթություն պահանջող խնդիրների որոշակիությունն ու առկա ռեսուրսների գնահատումը։
Շեշտվել է, որ Հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, նախանշվել են ոլորտի խնդիրներն ու անելիքները։
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի շրջանակում ներկայացված առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։