ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետության մակարդակը։ Այդ նպատակին է միտված ՆԳ նախարարության բարեվարքության ռիսկերի գնահատման գործիքի ներդրման պիլոտային ծրագիրը, որն ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։

Պիլոտային ծրագրի մեկնարկից առաջ՝ հոկտեմբերի 15-16-ը, ՆԳ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները վերապատրաստվել են: Վերապատրաստման մասնակիցները ծանոթացել են ՆԳ նախարարությունում և ոստիկանության ծառայությունում բարեվարքության ռիսկերի ներքին գնահատման մեթոդաբանությանն ու գործիքակազմին։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն իր խոսքում նշել է, որ ՆԳ նախարարությունը կարևորում է կադրերի բարեվարքությունը։ Նա վստահեցրել է, որ վերապատրաստման դասընթացը պատասխանատու ստորաբաժանումների անձնակազմերին հնարավորություն կտա զարգացնել բարեվարքության ռիսկերի գնահատման ուղղությամբ կարողություններն ու հմտությունները։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանի խոսքով՝ դասընթացի արդյունքում նախարարությունն ունենալու է այնպիսի գործիք, որի կիրառմամբ նախարարության անձնակազմն իր ուժերով կկարողանա իրականացնել բարեվարքության ռիսկերի գնահատում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետները երկու օրերի ընթացքում ներկայացրել են բարեվարքության ռիսկերի գնահատման մեթեդաբանության թիրախները, կոռուպցիոն ռիսկերի գնահատման, տեսական ու գործնական հիմքերը, ռիսկերի կառավարման շրջանակն ու գնահատման փուլերը։

Մասնակիցները ծանոթացել են բարեվարքության ռիսկերի գնահատման միջազգային փորձին, ռիսկերին արձագանքելու, մշտադիտարկման, վերանայման , հաշվետվողականության և զեկուցման մեխանիզմներին։

Մասնակիցները գործնական վարժանքի միջոցով ռիսկերի վերհանում են իրականացրել՝ ներկայացնելով իրենց մոտեցումներն ու առաջարկությունները։

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանի խոսքով՝ վերապատրաստման ծրագիրը արդյունավետ կլինի հատկապես վերահսկողական գործառույթներ իրականացնող ծառայողների աշխատանքի կազմակերպման համար:

Դասընթացի ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում: Ամփոփվել են արդյունքները, վեր հանվել խնդիրներն ու լուծման ուղիները։

Նմանատիպ գրառումներ