
Հանրապետական մարզադաշտ շտապող հազարավոր երկրպագուներ, անզիջում պայքար ու էմոցիաներ…
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումը։
Զուգահեռ իրականությունում, ինչպես ցանկացած հանրային միջոցառման ժամանակ, ՆԳՆ ոստիկանության գվարդիան, Համայնքային, Քրեական ոստիկանությունները և Պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանություն էին իրականացնում՝ ապահովելով միջոցառման բնականոն ու անվտանգ ընթացքը:
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «Իրավապահների աշխատանքը սկսվել է ոչ թե ֆուտբոլային հանդիպման օրը, այլ նախորդող օրերին։ Ինտերպոլի գործընկերների միջոցով կապ ենք հաստատել հյուրընկալվող երկրի իրավապահ մարմինների հետ, որոշակի ճշգրտումներ ենք արել, որպեսզի կարողանանք ճիշտ կազմակերպել անվտանգային միջոցառումները, հասարակական կարգի պահպանությունն ու հանրային անվտանգությունը»:
Էդգար Պետրոսյանը նշում է, որ Գվարդիայի ծառայողները պատշաճ ապահովել են արտերկրից ժամանած երկրպագուների անվտանգ ու անխոչընդոտ երթը մարզադաշտ։
Արտերկրից ժամանած երկրպագուներից մեկի գնահատմամբ՝ ոստիկանները գերազանց ծառայություն են իրականացնում, նրանց ներկայությունը շատ կարևոր է։
Իսկ Փրկարար ծառայությունը հնարավոր դեպք-պատահարները բացառելու համար տեղում իրականացնում էր հերթապահություն:
Հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառությամբ՝ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։










