
Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով։
Խորհրդի նպատակն է ապահովել Ներքին գործերի նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:
Հասարակական խորհրդի ձևավորման կարգը սահմանված է ՀՀ Վարչապետի 2025թ. 22 սեպտեմբերի N 835-Լ հրամանով:
Մրցույթին կարող են մասնակցել՝
1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածով նախատեսված հիմնական ոլորտներում՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն),
2) ֆիզիկական անձինք, որոնք գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ վերը թվարկված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։
Խորհրդի անդամների 25%-ն ընդգրկվում է համայնքներում (բացառությամբ՝ Երևան քաղաքի) գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։
Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել՝
1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ որևէ համայնքի տարածքում է, և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ վերը թվարկված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող, աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն),
2) ֆիզիկական անձինք, որոնք հաշվառված են ՀՀ որևէ համայնքում և տվյալ համայնքում կամ մարզում գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ վերը թվարկված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։
Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով ներկայացված հայտում նշվում են կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, համայնքը կամ մարզը, որտեղ ծավալում են գործունեություն, նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտը, որում ունեն սույն հայտարարությամբ նշված փորձ կամ մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։
Հայտին կից ներկայացվում են՝
1) կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն,
2) կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը),
3) կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին,
4) կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն),
5) դիմումի ձև:
Հայտերը պետք է ներկայացվեն նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ՝ ուղարկելով mia@gov.am էլ․ փոստին (գլխագրում նշել «Հասարակական խորհուրդ»): Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010 596420, 010596871, 010 596838 հեռախոսահամարով. պատասխանատու՝ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հանրային հաղորդակցության և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Վարդանյան։










