
ՆԳ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության արդյունավետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 1-ից գործարկված car.mia.gov.am հարթակը՝ PMI Project Management Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Նորարարական նախագիծ» անվանակարգում։
Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի հարթակը ՆԳ նախարարության որդեգրած թվայնացման գործընթացի շրջանակում կյանքի կոչված առաջին խոշոր նախագիծն է։
ՆԳ նախարարությունը լավարկելով թվայնացման գործընթացը շարունակում է ձևավորել առավել հարմարավետ և նորարար միջավայր՝ հեշտացնելով քաղաքացիների կյանքը։ Արդեն 4 ամիս է car.mia.gov.am հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու՝ ցանկացած վայրից, ցանկացած ժամի՝ պարզեցված ընթացակարգով իրականացնել տրանսպորտային միջոցի ձեռք բերման, վաճառքի ու գրանցման գործընթացն ընդամենը մի քանի րոպեում։
Հատկանշական է, որ թվայնացման այս ճանապարհին ՆԳ նախարարության հետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել նաև բանկերը, ինչը համակարգի նկատմամբ բարձր հանրային վստահության վկայությունն է։
«Նորարարական նախագիծ» անվանակարգում հաղթանակը ՆԳ նախարարությանն ավելի է պարտավորեցնում՝ շարունակաբար զարգացնել արագ, անվտանգ և քաղաքացու համար առավել հարմարավետ թվային ծառայություններ։










