2025 թվականի նոյեմբերի 1-ին վերջնակետին հասավ Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների ձևավորումը։

«Գործառույթների որոշակի տարանջատումը հնարավորություն է տալիս, որպեսզի յուրաքանչյուր ծառայություն իր մասնագիտական ուղղվածությամբ առավել խորքային զարգացում ապրի և հստակ տիրապետի իր գործառույթներին»,- ընդգծում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

✔️ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանի խոսքով՝ Գվարդիայի շարքերը համալրել են Ոստիկանության զորքերի նախկին ծառայողները, ՊՊԳՎ ենթակա ստորաբաժանումների ոստիկանները։
Փոխոստիկանապետ Հայկ Բաբայանն ընդգծում է, որ Գվարդիայի առաջնային խնդիրներից են հասարակական կարգի պահպանությունը, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում՝ բնակչության պաշտպանությունը։

✔️Ըստ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի՝ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Պարեկային ծառայողների կողմից արձանագրվել են 893 390 վարչական իրավախախտման դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 770 496։
Պարեկային ծառայության ստեղծումից մինչև 2025 թվականի դեկտեմբեր պարեկները հայտնաբերել են հանցագործության 14 827 դեպք։

✔️2024 թվականի նոյեմբերի 1-ին ձևավորվել են նաև Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական և Համայնքային ոստիկանությունները։
Համայնքային ոստիկանությունը կենտրոնացած է համայնքի հետ ամենօրյա շփման և հանցագործությունների կանխարգելման վրա։
ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը նշում է, որ հասկանալու համար այն գործառույթները, որոնք բնորոշ չեն Համայնքային ոստիկանությանը իրականացվել է գործառույթների աուդիտ։

✔️Քրեական ոստիկանության ձևավորումից ի վեր հանցագործությունների բացահայտման աճ է գրանցվել։
«Մինչ այս պահը առգրավվել է շուրջ 415 կգ թմրամիջոց, որից քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 270 կգ-ը»,- ընդգծում է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։

2025-ին Քրեկան ոստիկանությունը ներդրումային խարդախությամբ զբաղվող չորս հանցավոր կազմակերպություն է բացահայտել, որոնք պատճառել էին 1 միլիարդ դրամից ավելի վնաս․ 750 միլիոն դրամը վերականգնվել է։
2025-ին շուրջ 3 հարյուր բնակարանային գողության դեպք է բացահայտվել՝ նախորդ տարվա 228-ի համեմատ։
Տնտեսական հանցագործությունների առումով Քրեական ոստիկանությունը բացահայտել է 25 միլիարդ դրամի պետությանը պատճառած վնաս, որից վերականգնվել է 650 միլիոնը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը վստահեցնում է՝ Ոստիկանությունում բարեփոխումները շարունակական են լինելու։ 2026 թվականին ուշադրության կենտրոնում կլինեն ծառայությունների կայացումը, ինչպես նաև տեխնոլոգիական, կրթական և մասնագիտական կատարելագործումը։

Նմանատիպ գրառումներ