Հայաստանի Հանրապետության կառավարությունը, «Վաղ ազդարարում բոլորի համար» (EW4All) նախաձեռնության հենասյուների ղեկավարների և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, մարտի 17-ին անցկացրել է ազգային ճանապարհային քարտեզի քննարկմանը նվիրված աշխատաժողով։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության նպատակն է մինչև 2027 թվականը ապահովել, որ աշխարհում բոլոր մարդիկ պաշտպանված լինեն ժամանակակից և արդյունավետ վաղ ազդարարման համակարգերով՝ նվազեցնելով աղետների հետևանքով առաջացող մարդկային և տնտեսական կորուստները։

Աշխատաժողովին մասնակցել են Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների ներկայացուցիչներ, նախաձեռնության պատասխանատուներ, ինչպես նաև միջազգային, հասարակական կազմակերպությունների և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ՝ ձևավորելով բազմաշահառու համագործակցության հարթակ։

Աշխատաժողովին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի անունից ելույթով հանդես է եկել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանը․

«Հայաստանում այսօր առավել քան ակնհայտ է, որ արդյունավետ վաղ նախազգուշացման և վաղ ազդարարման համակարգերը մարդկային կյանքի պաշտպանության, համայնքների անվտանգության և կայուն զարգացման կարևորագույն գործիքներից են։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ժամանակին կանխատեսել վտանգները, այլև կազմակերպել արագ և համակարգված գործողություններ՝ նվազեցնելով հնարավոր մարդկային և տնտեսական կորուստները։ Վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը և դրանց արդյունավետ կիրառումը պետական կառավարման և հանրային անվտանգության ապահովման կարևորագույն առաջնահերթությունից է, որը բխում է 2025 թ. ընդունված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքից»։

Կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային գործընկեր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել է վաղ նախազգուշացման համակարգերի կարողությունների համապարփակ գնահատում, բացահայտվել են առկա բացերը և առաջնահերթությունները, մշակվել է ազգային ճանապարհային քարտեզը՝ որպես ոլորտի զարգացման հստակ և համակարգված ուղեցույց։

Աշխատաժողովում ելույթ է ունեցել Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, իսկ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն մասնակիցներին ողջունել է տեսաուղերձով՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը գլոբալ մակարդակում և երկրների պատրաստվածության բարձրացման գործում։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Վաղ ազդարարում բոլորի համար» նախաձեռնության համաշխարհային տեսլականը, տեխնիկական հենասյուները և ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ազգային ճանապարհային քարտեզի մշակման փուլերն ու ակնկալվող արդյունքները։

Աշխատաժողովի ավարտին ընդունվել է նախաձեռնության իրականացման համատեղ հայտարարությունը, քննարկվել և հաստատվել է «Վաղ ազդարարում բոլորի համար» ազգային ճանապարհային քարտեզը, որը նպատակ ունի ապահովել համակարգային, ներառական և կայուն զարգացում՝ ի նպաստ առավել անվտանգ և դիմակայուն Հայաստանի։

Նմանատիպ գրառումներ