
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։
Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։
✔️Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։
✔️Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։
✔️Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։
Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։










