Պատմական շաբաթ Հայաստանի և Եվրոպայի համար․ եվրոպական երկրների շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովներին։

Միջոցառումների շարքն աննախադեպ էր ինչպես աշխարհագրական, այնպես էլ կազմակերպչական և անվտանգության ապահովման տեսանկյունից։

«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ոստիկանությունն իրականացրել է մեծածավալ, բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքներ։ Կազմվել է համալիր միջոցառումների իրականացման պլան»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:

ՆԳՆ ոստիկանությունը, համագործակցելով իրավապահ համակարգի գործընկերների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովել է կայուն և անվտանգ միջավայր՝ շուրջօրյա վերահսկողության տակ պահելով իրավիճակը։
Համալիր միջոցառումների շրջանակում արարողակարգային ուղեկցումներ են իրականացրել Ոստիկանության գվարդիայի ծառայողները։

Քաղաքացիները գիտակցելով միջոցառումների կարևորությունը՝ հետևել են ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, ըմբռնումով մոտեցել երթևեկության սահմանափակումներին։

Մասշտաբային միջոցառումները շարունակվել են նաև մայիսի 5-ին․ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում մասնակցել է հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված միջոցառմանը։

Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ, ինչը ևս մեկ անգամ փաստում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականը՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։

Նմանատիպ գրառումներ