Մայիսի 14-15-ը ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար։
Մասնակցում էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հանրային կապերի պատասխանատուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ճգնաժամային հաղորդակցման մասնագետներ և տեղեկատվության անվտանգության փորձագետներ։
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն իր խոսքում նշել է, որ վերապատրաստման ընթացքում ձեռք բերված թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքները կնպաստեն ճգնաժամային հաղորդակցության զարգացմանը, աղետներին դիմակայուն հասարակության պատրաստմանը։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է վերապատրաստման նպատակը, առանձնահատկություններն ու ակնկալվող արդյունքները։
Իր ելույթում նա անդրադարձել է վարչության հիմնական գործունեությանը՝ ընդգծելով ճգնաժամային հաղորդակցության բնագավառում նախարարության, զանգվածային լրատվության միջոցների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխկապակցվածության և համագործակցության կարևորությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը ներկայացրել է ճգնաժամային կառավարման և հաղորդակցության գործողությունների ստանդարտ ընթացակարգով կատարվող աշխատանքները։
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կրթական գործընթացի կազմակերպման, վերապատրաստումների և միջազգային համագործակցության ուղղությունների վերաբերյալ տեղեկատվությամբ է կիսվել ակադեմիայի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, դասախոս Ռուզաննա Ղարիբյանը։
Ակադեմիայի կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոս Արամ Զաքարյանն իր ելույթում խոսել է ճգնաժամային հաղորդակցության բնագավառում ճապոնական հաջողված փորձի մասին։ Իսկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակից Աննա Հակոբյանը ներկայացրել է Աղետների լուսաբանման ուղեցույցը, մասնավորապես՝ լրագրողների վարքականոնները և անվտանգությունը։
Հոգեբանական աջակցության բաժնում վերապատրաստվողները ծանոթացել են աղետների ազդեցության, անձի վրա ազդող գործոնների և արտակարգ իրավիճակներում աշխատելու պայմաններին։
Երևանի պետական համալսարանի դոցենտ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն անդրադարձել է տեղեկատվության ճգնաժամային կառավարման, տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի միտումների և ալգորիթմների վերաբերյալ մանրամասներին։
Տեղեկատվական անվտանգությանն ու փաստերի ստուգմանը, արդի մարտահրավերներին ու մեդիա գործիքներին է իր խոսքում անդրադարձել տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Դասընթացի մասնակիցներին հնարավորություն է տրվել նաև այցելել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և տեղում ծանոթանալ օպերատիվ հերթափոխի աշխատանքի կազմակերպման, մասնավորապես՝ զանգերի սպասարկման, տեղեկատվության գրանցման, ընդունման ու փոխանցման գործընթացին։
Երկօրյա դասընթացի նպատակն էր ճգնաժամային հաղորդակցության բոլոր մասնակիցների միջև ամրապնդել արդյունավետ համագործակցություն, արտակարգ իրավիճակներում ժամանակին և ճշգրիտ լրատվության ապահովման, տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման բնագավառում ձևավորել հմտություններ և զարգացնել կարողություններ։
Ճգնաժամային կառավարման և հաղորդակցության ապահովման շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, ամփոփվել են արդյունքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել նման միջոցառումները դարձնել շարունակական։
Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

 

Նմանատիպ գրառումներ