Մայիսի 17-ից 18-ը Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի համանախագահությամբ տեղի է ունեցել արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը:
Նիստերին Նյու Յորքից տեսակապով մասնակցել է նաև Ներքին գործերի նախարաի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունելով ներկաներին՝ բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններն ու անդրադարձ է կատարել իրավապահ ոլորտում ԱՄՆ աջակցությանը։ Փոխնախարար Սարգսյանը կարևորելով ձևավորված սերտ փոխգործակցությունը՝ նախանշել է համագործակցության հետագա հնարավոր ուղղություններն ու հնարավորությունները։
Կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանմանը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդմանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին:
Քննարկվել են կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների ամրապնդման ու այս ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև մասնակցային կառավարման խթանման հարցերը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, վարչապետի աշխատակազմի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի և այլ կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:
Ներքին գործերի նախարարությունից հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչ Հաբեթ Մկրտչյանն ու միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչ Նորայր Աբգարյանը։