Մայիսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում։
Փոխնախարար Սարգսյանը շնորհավորելով Միավորված ազգերի կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակին Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման միջոցառման կազմակերպման կապակցությամբ՝ բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ձեռքբերումներն ու մարտահրավերները միավորելու ջանքերը յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:
Արփինե Սարգսյանը ընդգծել է Սենդայի շրջանակային ծրագրի մեկնարկից ի վեր գրանցված զգալի առաջընթացը ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության բարձրացման գործում: Նա նաև նշել է, որ, Սենդայի շրջանակային ծրագրի իրականացումը նաև բախվել է մի շարք մարտահրավերների ՝ կապված տվյալների և տեղեկատվության սահմանափակության, բարդ և համընկնող մանդատների, սահմանափակ ռեսուրսների, ռիսկերի հարաճուն բարդության և անորոշության և ռիսկերի նվազեցման և կայունության բարձրացման միջոցառումներին ոչ բավարար առաջնահերթություն տալու հետ:
Խնդիրների լուծման նպատակով Արփինե Սարգսյանը առաջարկելով մի շարք գործողություններ՝ նշել է ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին, որի նպատակներից է ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումների ճանապարհով արդյունավետ կառավարմանը եւ ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանը նպաստելը:
ՆԳ նախարարի տեղակալը խոսելով Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության մասին՝ շեշտել է անհրաժեշտ կուռ օրենսդրական համակարգի անհրաժեշտությունը, ինչը ընդգրկում է աղետների ռիսկի կառավարման ողջ ցիկլը՝ սահմանելով բոլոր շահագրգիռ կողմերի դերերը, պարտավորությունները և լիազորությունները:
Արփինե Սարգսյանն իր ելույթում վերահաստատել է, որ Հայաստանն անշեղորեն սատարում է անդրսահմանային ազդեցությամբ աղետների կանխարգելման և դրանց ժամանակին արձագանքման ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Փոխնախարար Սարգսյանը լիովին աջակցելով Գլխավոր ասամբլեայի Քաղաքական Հռչակագրին՝ վերահաստատել է տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության խորացման, լավագույն փորձի և քաղված դասերի փոխանակման Հայաստանի հանձնառությունը:

 

Նմանատիպ գրառումներ