Մայիսի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։
Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին:
Տնօրենը շրջեց փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, առկա էլեկտրոնային շտեմարաններին, հետևեց օպերատիվ ծառայություն իրականացնող հերթափոխի աշխատանքին, զրուցեց անձնակազմի հետ:
Կ.Ցուցուլյանը խորհրդակցություն անցկացրեց ՄՓՎ անձնակազմի հետ: Քննարկվեցին կամավոր ատեստավորման, վերապատրաստումների անցկացման, գույքային բարելավման և ծառայության կրման մի շարք հարցեր: Տնօրենը տվեց համապատասխան կարգադրություններ՝ հանձնարարելով խստագույնս հետևել կարգապահությանը և ծառայության պատշաճ կրման կանոններին:
Այնուհետև ծառայության տնօրենն այցելեց Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացրեց շարային ստուգատես․ ստուգվեցին ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, տեխնիկայի մարտական վիճակը։
Ծառայության տնօրենը եղավ նաև «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարար ջոկատում, ծանոթացավ փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի և միջոցների պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին։
Մարզային շրջայցի ընթացքում Կամո Ցուցուլյանը եղավ նաև Գորիսի, Քաջարանի, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներում և մարզում տեղակայված հենակետերում՝ տեղում անձամբ ծանոթանալով ծառայության կրման պայմաններին և առկա խնդիրներին:
Ավարտին՝ ծառայության տնօրենը ՄՓՎ պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փ/ծ փոխգնդապետ Ռ.Սահակյանին և ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին:

Նմանատիպ գրառումներ