Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Ցայգ» հեռուստաընկերության «Բաց տեքստով» հաղորդաշարի եթերում անդրադարձել է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փաթեթին, իրավապահ համակարգի աշխատանքի բարելավմանն ու տուժած անձանց պաշտպանության մեխանիզմներին։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները․

✔️Իրավապահ համակարգի բոլոր օղակները պետք է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքեն նույն տրամաբանությամբ՝ նույն սկզբունքներով ու մոտեցումներով, քանի որ բռնության ենթարկված անձի պաշտպանության առաջին օղակը հենց իրավապահ համակարգն է։

✔️ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի առարկա։ Պետությունը քրեական վարույթ կնախաձեռնի՝ անկախ տուժած անձի բողոքի առկայությունից։ Այսպիսով՝ դեպքին իրավական ընթացք տալու պատասխանատվությունը կստանձնի պետությունը։

✔️ Ընտանեկան բռնության թեմայով ոստիկանների համար կանցկացվեն լայնածավալ վերապատրաստումներ։ Նման դեպքերին արձագանքող ոստիկանների համար պարտադիր կդառնա կրծքին ամրացվող տեսախցիկների կիրառումը՝ նրանց գործողությունների վերահսկումն ապահովելու և ապացույցների հավաքագրմանը նպաստելու նպատակով։

✔️ Կվերացվի նախազգուշացման մեխանիզմը, և կկիրառվեն անհետաձգելի միջամտության որոշումներ։ Տուժած անձի պաշտպանության շարունակականությունը կապահովվի մինչև վարույթի շրջանակում համապատասխան որոշման կայացումը։

✔️ Կկիրառվեն էլեկտրոնային հսկողության սարքավորումներ՝ բռնություն գործադրած անձի և տուժած անձի համար սահմանված տարածքային սահմանափակումների պահպանումը վերահսկելու նպատակով։ Տուժած անձը չպետք է ստիպված լինի լքել իր բնակության վայրը։ Որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նրա անվտանգությունը, իսկ անհրաժեշտության դեպքում բնակության վայրից պետք է հեռացվի բռնություն գործադրած անձը։

✔️ Վերականգնողական ծրագրերին մասնակցությունը պարտադիր կդառնա ինչպես վարույթի շրջանակում պաշտպանական միջոց կիրառելու դեպքում, այնպես էլ պատժի հետ համակցված։ Նպատակն է ոչ միայն ապահովել պատասխանատվության անխուսափելիությունը, այլև կանխել բռնության կրկնությունը։

ՆԳ նախարարն ընդգծել է, որ ընտանեկան բռնության դեպքերը լատենտային բնույթ ունեն, և դրանց արձանագրման աճը վկայում է նաև պետության նկատմամբ վստահության բարձրացման մասին։

«Պետությունը պետք է կարողանա ճիշտ արձագանքել այս վստահությանը և ամրապնդել դիմելիության աճը»,- նշել է նախարարը։

Նմանատիպ գրառումներ