ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՆԳ նախարարը կարևորեց երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև իրենց իրավասության հարցերին վերաբերող համագործակցության մասին» Հուշագիրը։
Վահե Ղազարյանն ընդգծելով գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը՝ անդրադարձավ նաև անցած տասը տարիներին Սիրիայից Հայաստան եկած 22 հազար փախստականներին, որոնցից շատերը դիմել են Հայաստանում ապաստարան ստանալու խնդրանքով։
Նորա Արիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության ապացույցն է նաև այս տարվա փետրվարին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ՀՀ ՆԳՆ կողմից Սիրիա փրկարարական խմբեր ուղարկելը։ Նշվեց, որ հայ փրկարարները լիարժեք իրականացրել են ՀՀ կառավարության նախաձեռնած և ծրագրած մարդասիրական գործողության բոլոր խնդիրները: Նորա Արիսյանը նշեց, որ ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ և օրինակելի է ինչպես Սիրիայի Արաբական Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։