«Հարգելի’ քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր ծառայությունները մատուցվելու են մասնավոր գործընկերոջ կողմից, և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը մեկնարկելու է բոլորովին նոր, բարեկարգ գրասենյակներում։
Սակայն, դա չի նշանակում, որ նոյեմբերի 1-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները անմիջապես դադարելու են գործել։ Ցանցի օպտիմալացումը կիրականացվի փուլային եղանակով՝ մինչև հաջորդ տարեվերջ կրճատվելով մոտ 50%-ով։
Մեր գրասենյակները, որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնաճյուղեր, կշարունակեն ներկայացված լինել տարբեր մարզերում և Երևանում, այդ թվում մատուցելով խորհրդատվական ծառայություններ և թվայնացված գործընթացներից օգտվելու աջակցություն։
Այսպիսով, հաջորդ տարում ավարտին կհասցնենք Ծառայության գրասենյակների օպտիմալացման և Հայփասի գրասենյակների բացման աշխատանքները՝ վերջնարդյունքում ձևավորելով 23-ական հասցեներից բաղկացած ցանց։
Փոփոխությունների արդյունքում հնարավոր է, որ Ձեր բնակության հասցեն սպասարկող ծառայությունն ավելի հեռու տեղակայված լինի, սակայն այլևս ծառայություն այցելելու հաճախակի անհրաժեշտություն չի լինելու։
Մենք փակում ենք տարբեր գործարքներում անվերջ տեղեկանքներ պահանջելու պրակտիկան, ստեղծում ենք ծառայություններից օգտվելու թվային հնարավորություններ։
Դե իսկ փաստաթղթերը թարմացնելու անհրաժեշտություն կլինի սովորաբար 5 կամ 10 տարին մեկ անգամ, եթե չհաշվենք արտակարգ իրավիճակները՝ փաստաթղթի կորուստ, վնասում և այլն։ Նշեմ նաև, որ նոր տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման համար պահանջվող միջին ժամանակը էականորեն կրճատվում է։
Օրինակ՝ անչափահասի անձնագրավորման համար մեր հերթագրման հարթակն այժմ նախատեսում է 25 րոպեանոց պատուհան։ Հայփասն այս գործողությունը կատարելու է 3-5 րոպեում։
Այսպիսով, նոյեմբերի 1-ից Ձեզ կսպասենք 14 նոր հասցեներում և նոր պայմաններում, իսկ հաջորդ տարեսկզբին նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ի»։










