Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում անտառային հրդեհների վերաբերյալ «TbiEx2023» լայնածավալ վարժանքը, որին մասնակցում է նաև ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» ծրագրի 3-րդ փուլի (PPRD East 3) նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայունությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Ուկրաինայում: «Աղետները սահմաններ չեն ճանաչում» կարգախոսով ծրագիրն աջակցում է մասնակից երկրներին՝ նախազգուշացման համակարգի կիրառմամբ վաղ գործողությունների հիման վրա քաղաքացիական պաշտպանության ավելի ուժեղ համակարգի ձևավորման հարցում: Հունիսի 12-ից 14-ը Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում տեղի են ունեցել վարժանքներ, իսկ հիմնական դաշտային լայնածավալ վարժանքը նախատեսվում է անցկացնել հունիսի 15-ից 16-ը՝ Դիդո Լիլոյում, որի ընթացքում կխաղարկվեն քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային ազդեցություններով անտառային հրդեհների սցենար և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացում: Նշենք, որ վարժանքի մեկնարկը տրվել է հունիսի 13-ին վիրտուալ տիրույթում՝ «Dewetra» բազմակի ռիսկերի կանխատեսման իրական ժամանակի հարթակի (վաղ նախազգուշացման համակարգ) կիրառման միջոցով, որի նպատակն է ակտիվ մշտադիտարկման և քարտեզագրման շնորհիվ վաղ հայտնաբերել անտառային հրդեհները և կանխատեսել գործողությունների ընթացքը։

Նմանատիպ գրառումներ