
Ապրիլի 23-ին Կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։
Օրենսդրական նախաձեռնության նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է․ մեկ միասնական օրենքում զետեղված կլինեն բոլոր իրավակարգավորումները, որոնք թույլ կտան լիազոր մարմնին համապարփակ կերպով անդրադառնալու բոլոր հարցերին:
Նախագծերով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Միաժամանակ, նախատեսվում է, որ միայն նույնականացման քարտի առկայության դեպքում քաղաքացին կկարողանա ստանալ կենսաչափական անձնագիր։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ստանալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը։
ՆԳ նախարարի խոսքով՝ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) սահմանած ստանդարտներին։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ փաստաթղթերը հնարավորություն կտան ընդլայնել թվայնացման դաշտը Հայաստանում և խթանել թվային հարթակների միջոցով պետական ծառայություններից օգտվելը։ Այդ տրամաբանությամբ նախատեսվում է ներպետական ընթացակարգերում որպես անձը հաստատող փաստաթուղթ գործածել նույնականացման քարտը, իսկ անձնագրերը դիտարկել որպես ճամփորդական փաստաթղթեր։
Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ, ի հավելումն ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի, նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը կդառնան կենսաչափական։
Երրորդ ուղղությունը նախատեսում է կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ օրենսդրական դաշտում կարգավորել պետություն- մասնավոր գործընկեր հարաբերակցությունը։
Նրա խոսքով՝ մասնավոր գործընկերը չի իրականացնում վարչարարություն, չի կայացնում իրավական հետևանք առաջացնող որոշումներ․ այդ լիազորությունը կմնա պետության տիրույթում։ Մասնավոր հատվածը գործելու է բացառապես ծառայությունների մատուցման տրամաբանության մեջ։
Նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծերով նախատեսվում են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների վերացմանը՝ այդ թվում անձնագրերի տրամադրման և հարակից բաղադրիչների մասով։
Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական կարգավորումները նեղ մակարդակում միտված են կենսաչափական համակարգի ներդրման համապատասխան ընթացակարգերի սահմանմանը։
«Լայն համատեքստում սա ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական նոր համակարգի ներդնում՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, բարձր ստանդարտներին, այնպիսի ենթակառուցվածքին համապատասխան, որը Եվրոպական Միությունը նախատեսում է ընդունել 2027 թվականին»,- նշել է ՆԳ նախարարը։
Նախարար Սարգսյանը փաստել է, որ լայն համատեքստում այս գործողությունը նաև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում է․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրում ամենակարևոր բաղադրիչը վերաբերում է անձը հաստատող փաստաթղթերին, կենսաչափական համակարգի ներդրմանը։
«Կարելի է ասել մենք քայլ առաջ ենք նույնիսկ առաջընթացի զեկույցից, որովհետև մայիսին գնահատվելու է ընդամենը օրենսդրական կտորը, իսկ մենք արդեն 2026 թվականի աշնանը պատրաստ ենք լինելու ամբողջ ենթակառուցվածքի ներդրման»,- ասել է Արփինե Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվել է ինտենսիվ աշխատանք։
Վարչապետը կարևորել է նաև անձնագրերի ձևավորման լուծումները՝ ընդգծելով, որ դրանք պետք է արտացոլեն Հայաստանի պատմությունն ու ինքնությունը՝ հանդիսանալով պետության յուրատեսակ «այցեքարտ»։
Միաժամանակ նա նշել է, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո նախատեսվում է սահմանային անցման կետերում ներդնել անկոնտակտ անցման (e-gate) համակարգեր, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին անձնագրի սքանավորմամբ արագ անցնել սահմանը՝ առանց անմիջական շփման։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կենսաչափական անձնագրերը զգալիորեն նվազեցնում են կեղծման ռիսկերը՝ ապահովելով ավելի բարձր մակարդակի վստահություն անձի նույնականացման գործընթացում։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում։
Արձագանքելով Արփինե Սարգսյանը նշել է, որ կենսաչափական փաստաթղթերի անվտանգության մակարդակը ապահովվելու է բազմաշերտ տպագրական համակարգով և լրացուցիչ պաշտպանական բաղադրիչներով։
Նա ընդգծել է, որ կիրառվող տեխնոլոգիաների շնորհիվ կեղծման հավանականությունը հասցվում է զրոյի՝ ներառելով նաև հոլոգրամային և ուլտրամանուշակագույն պաշտպանության տարրեր։










