ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիմը հունիսի 14-ից 16-ը Վրաստանում մասնակցեց դաշտային լայնածավալ վարժանքին, որի նպատակն էր տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման միջոցով անտառային հրդեհներին արձագանքելու կարողությունների զարգացումը:
Մասնակցում էին 350 մասնակիցներ՝ 8 երկրների 11 կազմակերպություններից։ Աշխատանքների հիմնական կազմակերպումն իրականացվում էր «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի ընկերակցության կողմից՝ Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավարությամբ և Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության հետ համատեղ։
Բարձրաստիճան հյուրերի թվում էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, փրկարար ծառայության գնդապետ Արմինե Հայրապետյանը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիմի կազմում 20 փրկարարական ծառայողներ էին, այդ թվում՝ հրշեջ-փրկարարական ջոկատի և քիմիական, կենսաբանական, ճառագայթային ու միջուկային իրավիճակի մոնիթորինգի բաժնի ներկայացուցիչներ։
Վարժանքի աշխատանքներին ներգրավված էին նաև բարձրաստիճան հյուրեր՝ մասնակից երկրների առաջին արձագանքման գերատեսչություններից և տարածաշրջանում գործող հումանիտար առաքելություններից։
Կազմակերպչական, գնահատման և խորհրդատվական աշխատանքներում ներգրավված էին ծրագրի անդամ երկրներից շուրջ 20 դիտորդներ, ինչպես նաև ԵՄ, ՄԱԿ և տարածաշրջանի զանազան առաքելությունների փորձագետներ, որոնք թիմերի հետ անմիջական աշխատանք էին իրականացնում՝ արդյունավետ արձագանքման զարգացման ուղղությամբ։
Միջոցառման նպատակն էր նաև զարգացնել երկխոսությունը տարածաշրջանում գործող տարբեր ծրագրերի միջև՝ «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» (HOPE) ծրագրի, գիտահետազոտական կարողությունների ներգրավմամբ, ինչպես նաև իտալական ՉԻՄԱ (CIMA) և Կարմիր Խաչի միջազգային ընկերությունների մասնակցությամբ։
Վարժանքի պլանավորման և իրականացման հարցում կիրառվեց համակարգված մոտեցում. աշխատանքների հիմնական շեշտը դրվեց մասնակիցների և շահագրգիռ կողմերի լայն ներկայացվածության վրա:
Վարժանքն իրականացվեց՝ հիմնվելով ազգային և տարածաշրջանային կառույցների նախաձեռնության վրա և ապահովելով շարունակականություն, միևնույն ժամանակ բացահայտեց համագործակցության նոր ոլորտներ, նոր գիտելիքներ և ռազմավարություն:

Նմանատիպ գրառումներ