Հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես փախստականների համաշխարհային օր: 2001 թ. այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով սահմանեց Փախստականների և տեղահանվածների միջազգային օր: Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թ.ից գործում է բնակապահովման ծրագիր: Հունիսի 23-ին Արարատի մարզում մեկնարկեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային ապահովման ծրագրի չորրորդ փուլը: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատում 35 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր: Իսկ ընթացակարգն այսպիսին է: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, որոնցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել: Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին: Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով: Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր: Բնակարանի գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով: Ծրագրի նախորդ երեք փուլերն անցկացվել են մայրաքաղաքում ՝ ըստ վարչական շրջանների, որոնց արդյունքում տրամադրվել է բնակարանի գնման 272 վկայագիր: Շահառուների ավելի քան 80 տոկոսը իրացրել է ստացած վկայագրերը: Ծրագրի 4-րդ փուլը ընթացքի մեջ է: Նշենք, որ Միջգերատեսչական հանձնաժողովն արդեն իսկ որոշումներ է կայացրել Լոռու և Վայոց ձորի մարզերի շահառուների համար: