Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ ՆԳ նախարարության վարչական համալիրում ՆԳ նախարարը և պատվիրակությունների ղեկավարները, ՆԳ նախարարության ղեկավար կազմը, պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր գնահատեց ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ձևավորված համագործակցությունը, ինչը ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություններից է։ ՆԳ նախարարն անդրադարձավ 2021 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված երկու իրավապահ կառույցների համագործակցության հաստատման աշխատանքային համաձայնագրին, որն իրավական հիմք ստեղծեց անդրազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք ոլորտներում փոխգործակցության համար։ Նա նշեց, որ համաձայնագրից են բխում նաև «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որոնք արդեն պատրաստ են ստորագրման: ՆԳ նախարարը նշեց, որ այդ փաստաթղթերը հիմք կհանդիսանան Եվրոպոլի և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման, ինչպես նաև Եվրոպոլում կապի սպա ունենալու գործում։ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպոլի գրասենյակի գործընկերներին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար: Նա վստահեցրեց, որ իրավական ամուր հիմքը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա առավել բարելավելու երկկողմ համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների իրավապահ մարմինների հետ՝ անդրազգային հանցավորության, ահաբեկչության, կիբերհանցավորության և հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում: Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին՝ Վահե Ղազարյանը կարևորեց այդ գործընթացում միջազգային գործընկերների դերակատարումը: Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վահե Ղազարյանին շնորհավորեց Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Քեթրին դը Բոլը բարձր գնահատեց արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով անդրազգային հանցավորության դեմ պայքարում համատեղ իրականացվող աշխատանքները։ Ողջունելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ նա այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Եվրոպոլի գործադիր տնօրենն ընդգծեց փոխըմբռնման հուշագրի և փոխգործակցության համաձայնագրի կարևորությունը, խոսեց հատկապես իրավապահ ոլորտում անվտանգ կապուղու և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների մասին: Նա խոսեց նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում անդրադարձավ իրավապահ կառույցների արդյունավետ և շարունակական համագործակցությանը։ Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։